Կոտայքի մարզպետի պաշտոնը ձախողած Արամ Հարությունյանի պարզաբանումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի դարձավ, Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Նախկին մարզպետը երեկ` նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին ներկայացնելու ժամանակ, շնորհակալություն հայտնեց մարզպետարանի անդամներին, գյուղապետերին ու քաղաքապետերին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, վերջում էլ ներողություն խնդրեց այն մարդկանցից, ում ակամա նեղացրել է.

«Նաեւ առիթը չեմ կորցնում ու նշեմ, որ աշխատանքի ընթացքում լինում են թերություններ ու դիմելով մեր աշխատակազմին՝ ասում եմ, եթե որեւիցե մեկին անկախ իմ կամքից վիրավորել կամ նեղացրել եմ, կամ ճնշել եմ, ապա ներողություն եմ խնդրում»:

«Ժողովուրդ»-ը  մի քանի հարց է ուղղել արդեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին:

-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ որոշում կայացվեց Ձեզ Կոտայքի մարզպետի պաշտոնից տեղափոխել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնին: Ի՞նչ թերություններ կային Ձեր մարզպետական աշխատանքում, որոնք դուր չեկան ՀՀ իշխանություններին:

-Ես, բնականաբար, Ձեզ անկեղծորեն պետք է ասեմ, որ 10 ամիս եմ աշխատել, բայց ես նույնիսկ հուզված եմ հեռանում, շատ լավ կոլեկտիվ է ձևավորվել: Մենք մարզում ունենք 67 համայնք, մենք բոլորս աշխատել ենք արդյունավետ, հավաստիացնում եմ Ձեզ, անկախ քաղաքական իրավիճակից, բոլորս արդյունավետ աշխատանք ենք իրականացրել:

Փաստորեն Ձեր աշխատանքը չգնահատեցի՞ն:

-Մենք մեր հաշվետվությունը ե՛ւ ՀՀ վարչապետին ենք ներկայացրել, ե՛ւ մարզխորհրդին ու գնահատականներ տալու վերաբերյալ, անկեղծ ասած, ես չեմ ուզում իմ աշխատանքի վերաբերյալ գնահատական տալ, գնահատականը տալիս է վերադասը, ու Դուք կարող եք այդ հարցն ուղղել վերադասին: Մարզպետարանի աշխատակիցների առջեւ դրված խնդիրները կատարվել են:

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակումը, կարելի է ասել, պաշտոնի «ցածրացում» է: Ինչո՞ւ այդ կերպ վարվեցին Ձեզ հետ:

-Այսպես մեկնաբանեմ՝ պաշտոնների ցածրացում կամ բարձրացում չի լինում, եթե Դուք հետևել եք իմ աշխատանքին, ես նախարարից մարզպետ եմ նշանակվել ու հայտարարել եմ, որ իմ աշխատանքը նվիրումով, սիրով ու պատասխանատվությամբ եմ անելու:

-Նշվում է, որ այս ընթացքում Դուք գրեթե բոլորի հետ խնդիրներ ու տարաձայնություններ եք ունեցել, անգամ «Աբովյան» հեռուստաընկերության ղեկավար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի հետ: Ինչո՞ւ, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը:

-Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լրատվամիջոցներին պատշաճ և ժամանակին լրատվություն ապահովենք, որովհետեւ ամենաճիշտը դա է: Անձերի հետ կապված բացարձակապես որեւէ խնդիր չենք ունեցել, Արթուր Հարությունյանի հետ շատ լավ, նորմալ, աշխատանքային, մտերիմ հարաբերությունների մեջ եմ: Ես որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չունեմ, առավել եւս՝ անձնական խնդիր: Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս