ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ նախագահականի պաշտոնական կայքից
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը ՀՀ է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով: Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլեւս երբեք»-ի կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ համատեքստում Ս. Սարգսյանը մեծապես կարեւորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երեւանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:
ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանել՝ եթե կազմակերպությունը վարձատրում է օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի դիմաց, եւ օտարերկրացին ունի օտարերկրյա անձնագիր, չունի սոցքարտ եւ կացության քարտ, ընդհանրապես գտնվում է արտերկրում: Կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք այս դեպքում առաջանում են ինչ-որ հարկային պարտավորություններ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության համար:
Արման Արզոյան (34 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կազմակերպությունը ՀՀ-ից դուրս կատարվող աշխատանքի դիմաց վարձատրությունը հաշվարկում եւ վճարում է օտարերկրյա քաղաքացու հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, ապա որպես հարկային գործակալ՝ պարտավոր է հաշվարկել եւ պահել եկամտային հարկ՝ ամսական սանդղակի դրույքաչափերով, եւ եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում այդ օտարերկրացու եկամուտը եւ դրանից պահված հարկը արտացոլել հաշվարկի 2-րդ բաժնում՝ «Այլ եկամուտներ» ծածկագրով՝ առանց անձնավորելու:
Եթե կազմակերպությունը ՀՀ-ից դուրս աշխատանքի կատարման դիմաց վարձատրությունը վճարում է օտարերկրյա քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, ապա տվյալ դեպքում օտարերկրյա քաղաքացուն վճարվող եկամուտը չի հանդիսանում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ, հետեւաբար եկամտային հարկի պարտավորություն (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) չի առաջանում:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում անհատ ձեռնարկատերը, նոտարը ՀՀ-ում եկամտային հարկ է վճարում, եթե նա՝ 1) ՀՀ ռեզիդենտ է, հարկային տարում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը) uկuվող կամ ավարտվող 12-ամuյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 oր եւ ավել, կամ ում կենuական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում (մաuնավորապեu` եթե ՀՀ-ում է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը, եւ գտնվում է նրա անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (պրոֆեuիոնալ) գործունեության իրականացման վայրը), կամ ով գտնվելով ՀՀ-ում պետական ծառայության մեջ՝ ժամանակավորապեu աշխատում է ՀՀ տարածքից դուրu եւ ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ, եւ եթե՝ 2) ոչ ռեզիդենտ է եւ հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ է արդյոք դադարեցվել բնակելի տարածության գրանցված անհատույց օգտագործման իրավունքը առանց բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց համաձայնության:
Վահագն Ստեփանյան (46 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաեւ չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով: Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):