«Ով ինչ ուզում` անում է. պետք է պատժել». Ջուսի կոչը` պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մահացել է Նազենի Հովհաննիսյանը», «Ավտովթարի է ենթարկվել Ջուսը». վերջին շրջանում համացանցում կարելի է հանդիպել նման շոկային վերնագրերով հրապարակումների ինչ-որ անհայտ դոմեյններով կայքերում, տարածված անհայտ պրոֆիլներից: Կեղծ տեղեկատվություն տարածողները, որոնց թիրախում հայտնի անձիք են, անշուշտ, դիտումներ ապահովելու նպատակ ունեն: Զարմանալի չէ, որ այս հանգամանքը առաջ բերեց մի շարք հանրային դեմքերի վրդովմունքը, եւ ոմանք սոցցանցերի իրենց էջերում կոչ արեցին բոյկոտել տվյալ էջերն ու խմբերը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե քանի օգտատեր պետք է բողոքարկի, օրինակ, «Ֆեյսբուքին», որպեսզի վերջինս արգելափակի տվյալ կեղծ պրոֆիլը կամ խումբը, պարզաբանեց.

«Ֆեյսբուքը երբեք չի բացահայտում, թե ինչպես է գործում այդ բողոքարկման համակարգը: Բայց որքան շատ մարդ բողոքարկի, այնքան մեծ է հավանականությունը, որ այս կամ այն կայքը կարգելափակվի»:
Խնդրին անդրադառնալով իրավական տեսանկյունից` փորձագետը նշեց, որ կեղծ տեղեկատվություն տարածողներին դատական պատասխանատվության ենթարկել հնարավոր է. «Հարցն այն է, թե ոստիկանությունը կկարողանա՞ արդյոք բացահայտել տվյալները: Դրա տեսական հնարավորությունը կա, սակայն գործնականում դեռ որեւէ նախադեպ չենք ունեցել»,-նկատեց Ս. Մարտիրոսյանը:

«Ֆեյքեր»-ի թիրախում հայտնված երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է հանդիպել նման դեպքերի. «Պետք է համապատասխան օրենք մշակել, որպեսզի տվյալ անձինք պատժվեն: Թե չէ հիմա ով ինչ ուզում, անում է: Ինքս կոչ եմ անում մեր պատգամավորներին այս հարցը բարձրացնել եւ ելքեր փնտրել: Եթե անգամ կեղծարարները չդատվեն, նրանք պետք է տուգանվեն»,-ընդգծեց երգչուհին:

Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ եթե հայտնիները հետեւողական գտնվեն եւ համախմբվեն, կա հավանականություն, որ կհասնեն արդյունքի. «Պարզապես վերջնական պատասխան կարող է տալ ոստիկանությունը, քանի որ նման թեմաներին առնչվում է իրենց կիբեր հանցագործությունների բաժինը»,- եզրափակեց նա` հավելելով, որ աստղերը դեռեւս չեն դիմում իրավական միջամտության, քանի որ նրանց համբերության բաժակը դեռ չի լցվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս