Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ: Պատիժը լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով: «Երբ արտահերթեր են հրավիրում, աշխատավարձն ինչո՞ւ չեն բարձրացնում»,- Armlur.am-ի հետ զրույցում նշվածի վերաբերյալ նման կերպ արձագանքեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով ամենաշատը բացակայող պատգամավորների թվում է:
«Իրենք իրենց ինչ-որ բան են հորինել, իրենք դրա ձեռքը կրակն են ընկել, հիմա էլ դրա շուրջ մանևրներ են անում: Պատգամավորի դիրքորոշումը, կողմ է եղել, քվեարկել է` չի քվեարկել, մասնակցել է` չի մասնակցել, պատգամավորի անձնական գործն է, ոչ թե Ազգային ժողովի ղեկավարության: Քվեարկություններով չէ պատգամավորի աշխատանքի բովանդակությունը»,- ասաց Արսենյանը:
Իսկ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի` Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հետ կապված պատգամավորն նշեց` փաստ է, որ արդեն նշանակվել է, նաև փաստ է, որ Գուլոյանը Ծառուկյանի փեսան է: «Հիմա թե որն է որից առաջ, ինքներդ մտածեք: Իմիջիայլոց, շնորհավորում եմ նրան, որ ավելի բարձր պաշտոնում աշխատելու հնարավորություն է ստացել»,- հավելեց Գուրգեն Արսենյանը: