Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք:
Վարչապետ Աբրահամյանը շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի կառուցմանն ուղղվել է 120 մլն դրամ: Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Անհրաժեշտ գույքով համալրված մանկարպատեզը հնարավորություն ունի ընդունելու մինչև 60 երեխա: ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գյուղական բնակավայրերում նման սոցիալական ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀԲ-ն պատրաստ է հետագայում ևս օժանադակել նման ծրագրերի կյանքի կոչմանը: Իր հերթին, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նկատել է, որ նորակառույց մանկապարտեզը գտնվում է համայնքի կենտրոնում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան:
Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է թեղուտցիների հետ՝ ծանոթացել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, բնակիչներին հուզող խնդիրներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ գյուղական համայնքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը հետևողականորեն անելու է ամեն ինչ՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու համար: Բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ Թեղուտ այցելելու, ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու, խնդիրները լսելու համար և ուրախությամբ փաստել, որ իրենց համայնք առաջին անգամ այցելում է ՀՀ վարչապետ: