Ոստիկանությունը չի կանխել ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերը. Օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին կրկին գրանցվել են Ոստիկանության կողմից խաղաղ
հավաքների սահմանափակման որոշ դեպքեր, այդ թվում` ոչ
իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ
ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի
սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի բերման ենթարկում: Այս մասին ասված է Օմբուդսմենի տարեկան զեկույցում:

Ըստ զեկույցի` խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ 2014 թվականի ընթացքում Պաշտպանը ստացել է բազմաթիվ ահազանգեր և արձանագրել է մի շարք խնդիրներ: Այսպես, որոշ հավաքների դեպքերով քաղաքացիները հայտնել են, որ Ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են իրենց ազատ տեղաշարժմանը՝ այն որակելով հասարակական կարգի խախտում, և պահանջել դադարեցնել ակցիան:

Ավելին, բազմաթիվ դեպքերում հավաքը դադարեցնելու փոխարեն Ոստիկանությունը իրավիճակի կարգավորման այլընտրանք է ունեցել, օրինակ` ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման դեպքում` կազմակերպել երթևեկությունը հարակից փողոցներով, այդպիսով ապահովելով և՛ խաղաղ հավաքի անցկացումը, և՛
տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության հնարավորությունը:

2014-ին կրկին գրանցվել են իրավապաշտպանների, լրագրողների օրինական գործունեության խոչտընդոտման, վերջիններիս նկատմամբ բռնության կիրառման դեպքեր, որոնց կանխման, բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ Ոստիկանությունը չի ձեռնարկել բավարար քայլեր:

Մի շարք դեպքերում, հակառակ օրենքի պահանջին, Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց չեն ապահովել փաստաբանով և չեն պարզաբանել իրենց իրավունքները:

Զեկույցում նաև նշվում է, որ Ոստիկանությունը, որպես մարդու անվտանգությունը, հանցագործությունների կանխումն ապահովող իրավասու մարմին, չի կանխել ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերը և պատշաճ չի արձագանքել դրանց:

Պաշտպանի կողմից դեռևս 2013 թվականին բարձրաձայնվել և մինչ օրս չի լուծվել անձանց, այդ թվում` անչափահասներին, Ոստիկանության բաժին «հրավիրելու» և այնտեղ իրենց կամքին հակառակ պահելու պրակտիկան:

Օմբուդսմենի տարեկան զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս