«Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Գագիկ Հարությունյանը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությունը:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Գ. Հարությունյանի պաշտպան Հարություն Հարությունյանը, մարզպետի կարգադրության համաձայն` Գագիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից, և լուծվել է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով: Հարություն Հարությունյանի փոխանցմամբ` կարգադրության հիմքում դրված է ընդունման, հանձնման հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ անցկացված ներքին աուդիտը և դրա արդյունքում կազմված հաշվետվությունը, ընդ որում, նույն ժամանակահատվածը ստուգվել է 2 անգամ: Ինչպես հայտնեց պաշտպանը, մարզպետը հաշվի չի առել Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանն ավելի քան 1 տարի կալանավորված է եղել թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով, այնուհետև արդարացվել է: Ի դեպ, բողոքաբերները մտադիր են մարզպետի կարգադրությունը վիճարկել նաև ՀՀ վարչապետին, եթե Վարչական դատարանը որոշի, որ այս հարցի քննարկումն իր իրավասության մեջ է մտնում, քանի որ, ինչպես պարզաբանեց մեր զրուցակիցը, հնարավոր է` այս գործը ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունվի:
Նշված հարցի շուրջ Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից: Վերջինս, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեց, որ նախքան Գագիկ Հարությունյանին աշխատանքից ազատելը, վերջինս հանդիսացել է վերոնշյալ ՓԲԸ տնօրեն, և ոչ ոք չի խոչընդոտել վերջինիս աշխատանքային պարտականությունների և իրավունքների կատարմանը:
«Նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է ընկերությունում իրականացված աուդիտորական ստուգման արդյունքներով արձանագրված խախտումների հիման վրա»,- հավելեց մարզպետը:
Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանի` դատարան դիմելուն և վերադասության կարգով բողոքարկելուն, ապա Ա. Ղահրամանյանը նկատեց, որ դա հանդիսանում է նրա սահմանադրական իրավունքը: Արմավիրի մարզպետը վստահեցրեց նաև, թե Գագիկ Հարությունյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատումն իրենց կողմից իրականացվել է գործող աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 4-ին, թմրադեղեր վաճառելու կասկածանքով, ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկություններ իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։ 1,5 տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել հունվարի 27-ին: Վեց ամիս տևած քննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ որեւէ ապացույց, ողջամիտ կասկած կամ ենթադրություն չի եղել: Գագիկ Հարությունյանն աշխատում է առողջապահության համակարգում 1986-ից, իսկ 1994-ից առ այսօր՝ որպես գլխավոր բժիշկ: