Այսօր` ապրիլի 4-ին, հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է:
Աղայանը ծնվել է 1840 թվականին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1 տարի անց` ինքնակամ հեռացել այնտեղից և իր գիտելիքները լրացրել ինքնակրթությամբ։
Որպես գրաշար աշխատել է Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում (1870–82), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։
1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։
1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։