Վանաձորում առկա՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները բազմաթիվ են: Դրանց լուծված չլինելը Վանաձորի քաղաքապետարանը միշտ պատճառաբանում է ֆինանսական միջոցների սղությամբ եւ համայնքի բյուջեում համապատասխան միջոցների բացակայությամբ: Սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ է մեր քաղաքի բյուջեն այդպիսի խղճուկ վիճակում: Փաստաբան Արթուր Սուքիասյանն այս հարցի պատասխանը տալիս է կոնկրետ մի դատական գործի շրջանակում՝ վերլուծելով քաղաքապետարանի մոտեցումը համայնքի երկու բնակիչների նկատմամբ:
Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի երկու սեփականատերերի միջեւ առկա է վեճ` կապված շենքի արտաքին պատն օգտագործելու հետ: Շենքի նկուղային տարածքում գործող խանութի սեփականատերն առանց թույլտվության եւ դեղատան սեփականատիրոջ համաձայնության գովազդային պաստառները փակցրել է առաջին հարկում գործող դեղատան արտաքին պատերին: Դեռեւս 2012 թվականի մարտին Վանաձորի քաղաքապետարանը խանութի սեփականատիրոջը գրավոր նախազգուշացրել է սեղմ ժամկետներում ապամոնտաժել անօրինական տեղադրված պաստառները:
Բայց, չնայած նախազգուշացմանը, տարիներով ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչի պատճառով ապօրինի պաստառները մինչ օրս պահպանվում են շենքի պատերին: Տեսնելով, որ դեղատան սեփականատիրոջ իրավունքները պաշտպանելու համար Վանաձորի քաղաքապետարանը ոչինչ չի նախաձեռնում, փաստաբան Արթուր Սուքիասյանը դիմել է քաղաքապետարան` խնդրելով դեղատան սեփականատիրոջը թույլտվություն տալ վիճելի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու համար: Սակայն հայցվող թույլտվությունը Վանաձորի քաղաքապետարանը չի տրամադրել` պատճառաբանելով, որ պատը զբաղեցված է ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներով:
«Փաստորեն, առանց թույլտվության արտաքին գովազդ իրականացնող սուբյեկտի կողմից թույլ տրվող խախտումների դեմ չպայքարելուն զուգահեռ՝ Վանաձորի քաղաքապետարանը խոչընդոտում է նույն պատերի վրա օրինական ճանապարհով արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար դիմող անձին: Այս երկու անձանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը որեւէ իրավաչափ բացատրություն կամ տրամաբանություն չունի: Դեղատան սեփականատիրոջը թույլտվություն չտրամադրելը ես կարող եմ բացատրել միայն նրանով, որ քաղաքապետարանը հովանավորում է անօրինական գովազդ իրականացնող անձին: Եթե դա իրոք այդպես է, պետք է փաստել, որ գործ ունենք կոռուպցիայի դրսեւորման հետ»,-ասում է Արթուր Սուքիասյանը:
Փաստաբանն ընդգծում է, որ առանց թույլտվության իրականացվող արտաքին գովազդի համար տեղական տուրք չի վճարվում: Այս պարագայում վարչական մարմինը պետք է շահագրգռված լիներ վերացնելու խախտումը, որովհետեւ դրանից համայնքի բյուջեն է տուժում: Մինչդեռ քաղաքապետարանն այդ շահագրգռությունը չունի: «Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք համայնքի բյուջեին պատճառվող վնասը չկանխելը պայմանավորված չէ պաշտոնատար անձանց այլ՝ անձնական շահագրգռություններով»,-հարցադրում է անում փաստաբանը:
Ադրինե Թորոսյան
Վանաձոր