ԱՄՆ-ի Հավայի նահանգի սենատն անցած շաբաթ ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչող բանաձևն ու ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Սենատը միացել է Ներկայացուցիչների պալատին, Հավայիի հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին՝ ճանաչելով ու հարգելով նրանց հիշատակը, ովքեր սպանվել ու հալածվել են Հայոց ցեղասպանության ընթացքում, և կոչ արել ողջ աշխարհի մարդկանց երբեք չմոռանալ ընդդեմ մարդկության այդ սարսափելի հանցագործությունը»,-ասվում է բանաձևում:
Բանաձևը ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և Լորաին Ինոույեն և այլք: Բանաձի ընդունմանը ներկա է եղել նաև Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Արտենյանը: