Ապրիլի 24-ի երեկոյան «Հիմնադիր խորհրդարան»-ը կսկսի մոբիլիզացիան, իսկ հստակ գործողությունները պարզ կլինեն այդ ժամանակ: Armlur.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենց քայլերը հստակ կերևան ապրիլի 24-ին` լինի նստացույց, թե` պայքարի այլ միջոց: Ամեն ինչ դեռ հստակեցման փուլում է:
«Ամեն ինչ էլ կլինի, բայց թե ինչ հերթականությամբ, ինչ մարտավարությամբ, ընթացքը ցույց կտա: Մարտավարական այդ մանրամասները հիմա չենք բացահայտում: Նստացույցը ևս չի բացառվում: Բոլոր հնարքներն էլ կկիրառվեն, որոնք արդյունավետ կլինեն` ըստ իրավիճակի: Այսինքն` մենք ինքներս մեզ չենք կաշկանդում այս կամ այն գործողությամբ: Ազատ պետք է մտածենք ու գործենք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակի մասին Վարուժան Ավետիսյանը փոխանցեց` մի քանի օր առաջ է տեսակցել, առողջական վիճակը լավ է, ապաքինվում է, շուտով կտեղափոխվի Երևան: