Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի բուժհաստատություններ, որտեղ արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ընթանում է «Ձեզ համար, կանայք» առողջության պահպանման ակցիան։
Դավիթ Օհանյանը ծանոթացել է ակցիայի ընթացքին ու արդյունքներին, զրուցել քաղաքացիների հետ։
«Ակցիայի մեկնարկի առաջին օրից Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ պարբերաբար այցելում ենք բուժհաստատություններ։ Ձևավորել ենք աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք ակցիայի ընթացքին հնարավորինս լավատեղյակ լինել։ Եվ, կարծում եմ, դրա ամենալավ տարբերակը բնակիչների հետ հանդիպումներն են, որոնց ընթացքում լսում ենք բնակիչների առաջարկները, ինչու ոչ՝ նաև անհարթությունների մասին, որոնք, ուրախությամբ պետք է նշեմ, չնչին են։ Քանի որ ակցիան ամենամյա է, բնակչի առաջարկներն էական են մեզ համար՝ նաև հաջորդ նմանատիպ ակցիաները կազմակերպելու համար։ Փորձում ենք նաև մշակույթ ձևավորել, որպեսզի բնակչությունն ավելի հաճախ դիմի պոլիկլինիկաներ՝ հնարավոր հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու, կանխարգելիչ նպատակով։ Տարեցտարի մասնակցությունը ակցիային ավելանում է. այսօր նկատելի է վստահություն առողջապահական առաջնային օղակի հանդեպ և, կարծում եմ, նաև դրանով է պայմանավորված հաճախելիության թվի աճը»,- նշել է Դավիթ Օհանյանը։
«Ձեզ համար, կանայք» ակցիայի չորրորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ է դիմել 6425 կին. 4811-ը հետազոտվել է տեղում, 723-ը՝ ուղեգրվել վահանաձև գեղձի նեղ-մասնագիտական հետազոտության, ևս 223-ը ուղեգրվել են ստացիոնարներ, 23-ը՝ համակարգչային տոմոգրաֆիայի։ Այս շաբաթ ակցիայով վիրահատվել է 185 կին։
Երևանի քաղաքապետի տեղակալը բուժաշխատողներին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ մինչև ապրիլի 7-ը ներառյալ ակցիան ուժի մեջ է և որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ուղեգրեր ստացած բոլոր կանայք պետք է անվճար օգտվեն հասանելիք բուժծառայությունից։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն