Երգիչ, երգահան Արման Էլբերտը երկար ժամանակ դադար վերցնելուց հետո վերջերս հանդիսատեսին ներկայացավ նոր ստեղծագործությամբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր լռության պատճառների մասին, ասել է, թե ինչու է տաղանդավոր երաժիշտներին խորհուրդ տալիս երկրից դուրս ծավալել իրենց գործունեությունը: Արման Էլբերտը խոսել է նաեւ անձնական կյանքից եւ նշել, որ չի «նեղվում» համարձակ կին ունենալուց:
-Արմա՛ն, տեւական դադարից հետո հանդիսատեսին ներկայացաք նոր «Պատրանք» անունը կրող երգով: Գիտենք, որ այդ քայլին գնացել եք ընկերների խնդրանքով եւ ինքներդ շատ շահագրգռված չէիք տարիների լռությունը խախտելու, ինչո՞ւ:
-Իմաստ չեմ տեսնում, այդ լռությունը խախտելը հեռանկարային չեմ համարում: Տեսահոլովակ նկարահանելու միտք մոտս սովորաբար չի ծագում, քանի որ այսօր գնահատվում է մի տեսակի երաժշտություն, որն ինձ հոգեհարազատ չէ: Ինքս էլ բնավորությամբ այնպիսին եմ, որ եթերներից կախված լինելու ցանկություն չունեմ: Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, թե բողոքում եմ… Պարզապես հիմա լուրջ աշխատանքներ են տարվում ժողովրդի ինտելեկտուալ մակարդակը գցելու ուղղությամբ: Անընդմեջ խոսում են ժողովրդի պահանջարկից: Ոչ մի նման պահանջարկ էլ չկա. դաստիարակչական աշխատանք են տանում` ազգը դեգրադացնելու նպատակով: Առողջ պրոդուկտ պահանջող բանակն էլ նոսր է:
-Ովքե՞ր են դեգրադացնողները:
-«Թափով», լուրջ պարտադրողներ կան, չգիտեմ, թե դա որ կողմից է կառավարվում: Սա արվեստի բոլոր ճյուղերին է վերաբերում: Օրինակ` իշխանություններին կարելի է մեղադրել այնքանով, որ նրանք չեն հետեւել այդ գործընթացին, որպեսզի այս օրին չհասնեինք:
-Ինչպե՞ս ստացվեց, որ ձայնային լավ տվյալները օգնության չհասան Ձեզ, շատերի պես Դուք էլ դուրս մղվեցիք դաշտից: Գուցե դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ժամանակին երաժշտական ասպարեզում ի հայտ եկան մարդիկ, ովքեր ամեն կերպ դռները փակեցին որոշ երգիչների առջեւ, այդ թվում Ձեր կնոջ` Արփինե Բեկջանյանի:
-Դե, այո, ընթացքում նմանատիպ խնդիրների բախվել եմ, եղել է, որ մեր բնագավառի որոշ մարդկանց ճանապարհ չեն տվել, չեն օգնել ինչ-ինչ հարցերում: Նման խնդրի առջեւ կանգնել է ոչ միայն Արփինեն, այլեւ, օրինակ, Լիլիթ Կարապետյանը ու էլի շատերը: Անկեղծ ասած` շատ խորը չեմ նայել այդ ամենին, երբեւիցե լուրջ չեմ ընդունել եւ ծանր չեմ տարել: Սա այն երկիրը չէ, որ պետք է մտածեի, թե ինչ եմ կորցնում…
-Ի դեպ, լսել ենք, որ տաղանդավոր սկսնակ երաժիշտներին խորհուրդ եք տալիս երկրից դուրս ծավալել իրենց գործունեությունը, ինչո՞ւ:
-Հեռու չգնանք. իմ աղջիկը, օրինակ, շատ տաղանդավոր է, լավ երգում է, ականջալուր է իմ կարծիքին, բայց ես իր հետ չեմ աշխատում, մտածում եմ` այս երկրում ես ինչի հասա, որ երեխաս հասնի…Ու ամեն անգամ տաղանդավոր երեխաներ տեսնելիս ե՛ւ ուրախանում եմ, ե՛ւ մտածում, թե այստեղ նա ինչ է անելու, ինչ ապագա է ունենալու:
-Դուք երաժշտություն եք գրել մի շարք ֆիլմերի համար. այդ կերպ հնարավո՞ր է նորմալ վաստակել:
-Հնարավոր է, բայց ոչ թե այստեղ, այլ դրսում: Եթե ներսում հայ կա, նա արդեն առնում է գործը, չի թողնում, որ ամեն բան իր բնականոն հունով գնա (ծիծաղում է):
-Արմա՛ն, Ձեր կինը` երգչուհի Արփինե Բեկջանյանը, իր էությամբ ազատ կին է թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս: Դժվար չէ՞ համարձակ կին ունենալը:
-Չէ, ես չեմ «նեղվում» (ծիծաղում է): Երբեմն լինում է, որ նրան դիտողություններ եմ անում, խորհուրդ եմ տալիս, օրինակ, որոշ հարցերի շուրջ չարտահայտվել, փոխարենը` գործել: Իսկ այն, որ նա ազատ մարդ է, դա նորմալ է, կյանքն իրենն է:
-Իսկ երբեւէ միասին դուետով հանդես գալու մտադրություն ունեցե՞լ եք:
-Այո՛, մտածել ենք, նույնիսկ մեկ անգամ փորձել ենք նման մի բան անել, սակայն գործը կիսատ է մնացել: Հիմա ավելի շատ հակված ենք նրան, որ Արփինեն միայնակ հանդես գա: Իսկ ընթացքում միասին կներկայանանք, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Աննա Բաբաջանյան
Լուսանկարը` bravo.am-ի