Հ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշում է ընդունել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ Վարդգես Գասպարիի ստացված դիմումը քննության առնելու մասին:
Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի թիկնապահներից մեկը հրել էր գետնին:
“Խոսքը վերաբերվում է այդ օրը տեղի ունեցածին: Վարդգես Գասպարին նշում է, որ պատգամավորը իր ձեռքից խլել է պլակատը եւ դա արձանագրել է լրատվական գործակալությունը: Դիմումում Վարդգես Գասպարին հանձնաժողովից պահանջում է ուսումնասիրել միջադեպն ու կայացնել պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում”,-նշեց Նիկոլ փաշինյանը:
ԱԺ կանոնակարգի համաձայն, էթիկայի հանձնաժողովը դիմումը քննարկում է երեսնօրյա ժամկետում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանձնաժողովը իրավունք ունի եւս տասնհինգ օրով երկարացնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ դիմումի քննության ընթացքում ԱԺ պատգամավոր ՍամվելԱլեքսանյանը հրավիրվի հանձնաժողովի նիստին: ” Եթե հանձնաժողովում քննության ընթացքում անհրաժեշտություն առաջանա եւ Սամվել Ալեքսանյանը, եւ Վարդգես Գասպարին, եւ մասնագետներ կարող են հրավիրվել”,-նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե իր համար դժվար չի լինի արդյոք Սամվել Ալեքսանյանի հետ կապված դիմումի քննությունը` հաշվի առնելով, որ պատգամավորները նախընտրական շրջանում միմյանց դեմ էին պայքարում, Նիկոլ փաշինյանը ասաց.
“Ես որպես ընդդիմության ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանին ավելի լավ կամ վատ չեմ վերաբերվում, քան իշխանության որեւէ ներկայացուցչի: Էթիկայի հանձանժողովի որոշումները պետք է զերծ լինեն սուբյեկտիվ գործոնից: Մեր բոլորի նպատակն է, որ ՀՀ-ում պետական կարգավիճակները օգտագործվեն ոչ թե սեփական նախասիրությունների, այլ օրենքի շրջանակում”:
Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում, ԱԺ նիստին համապատասխան հայտարարություն է արվում: Կան դեպքեր, երբ էթիկայի հանձանժողովի որոշման հիման վրա պատգամավորը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Խոսքը վերաբերվում է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտելուն: