Հայաստանն իր վրա կզգա ծանր հետևանքը. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հանգեցնելու է տարածաշրջանում նոր «միջուկային մրցավազքի»:

-Պարո՛ն Կարապետյան, այս օրերին աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, հատկապես Իրանի շուրջ: Նախօրեին Լոզանում Վեցյակի եւ Իրանի միջեւ հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո առաջին պլան է գալիս իրանական էներգակիրների` գազի եւ նավթի՝ միջազգային շուկա մուտք գործելու հարցը: Եթե գործընթացներն, ի վերջո, գնան դրան, ապա դա ինչպիսի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության եւ մասնավորապես Հայաստանի վրա:

-Այդ իրադարձություններն ամենաշատը Հայաստանի վրա են ազդեցություն ունենալու: Ուրեմն հիմա այսպիսին է իրավիճակը, եթե Իրանի ամբողջ սանկցիաները հանեն, իսկ արդեն պայմանավորվել են, որ մինչեւ հունիսի 30-ը պետք է հանեն, ուրեմն ամենահամեստ հաշվարկներով օրական շուկա է նետվելու միլիոն 205 հազար բարել նավթ, այսինքն՝ այդ պարագայում ենթադրելի է, որ նավթի գինը 50-դոլարից իջնելու է ներքեւ:

Եվ այդ պարագայում հասկանալի է դառնում, որ մեծ հարված է հասցվելու ՌԴ-ի բյուջեին, դա իր հերթին բերելու է ռուսական տնտեսության է՛լ ավելի վատթարացման, որովհետեւ գիտեք՝ բյուջեն իրենց մոտ ձեւավորվում է նավթային եւ գազային մուտքերից: Սա մեզ վրա եւս ազդեցություն է ունենալու. կրճատվելու են տրանսֆերտները, դոլարի կուրսի համարժեք փոփոխություններ են լինելու եւ այլն: Հիմա սրան գումարվելու են այլ գեոքաղաքական խնդիրներ:

Այս ամենը բերելու է նաեւ Թուրքիայի կողմից ատոմային զենքի վրա աշխատանքների ավելացմանը, այսինքն՝ մեր շրջապատում սկսվելու է մեծ մրցավազք: Եթե Իրանն ու Թուրքիան սկսեցին այդ առումով առաջ շարժվել, Սաուդիան Արաբիան միանգամից Պակիստանից փորձելու է գնել այդ ռումբը, չի մնալու հետ: Նայեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, երբ ամեն վայրկյան այնտեղ մի բան լինում է:

-Դուք հայտարարել եք նաեւ, որ այս զարգացումների հետեւանքով ՌԴ-ն հայտնվելու է «բորտին», ի՞նչ նկատի ունեք:

-ՌԴ-ն շատ ծանր կացության մեջ է, մի կողմից ինքը չէր կարող չգնալ այս պայմանավորվածություններին, որովհետեւ սա աշխարհի լիցքաթափում էր նշանակում, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ ՌԴ-ն գնաց ԱՄՆ-ի առաջարկված մեխանիզմով, որովհետեւ այլ մեխանիզմ ուղղակի չկար, եւ հիմա շատ ծանր կացության մեջ է:

Եթե Իրանը լինի ատոմային ապագա երկիր, ՌԴ-ի համար շատ վտանգավոր է, որովհետեւ տեսեք` ԱՄՆ-ը որտեղ է, Իրանը որտեղ է, իսկ աշխարհագրորեն ՌԴ-ն ու Իրանն ավելի մոտ են, այսինքն՝ դա շատ կարեւոր է, մյուս կողմից էլ գազանավթային այդ խնդիրը, որը գնալով բավականին ծանր կացություն է ստեղծելու: Եթե սրան գումարվի, իսկ ես կարծում եմ, որ կգումարվի, այն որ ԱՄՆ-ն որոշի ինչ-որ չափով իր սեփական նավթային ռեզերվները վաճառել, նավթի գինը մոտավորապես կլինի 25-30 դոլար:

Դրա համար էլ, եթե նկատել եք՝ Լավրովը շատ հետաքրքիր ձեւով էր մասնակցում այդ հանդիպումներին՝ մի օր գնում, մնում էր, հետո թողնում, հետ էր վերադառնում ու չէր մասնակցում, հետո էլի գնում էր… հասկանալի էր, որ պայմանավորվածությունը ռուսների սրտով չի այդքան, առավելեւս, որ այժմ ՌԴ-ն պայման է դնում, որպեսզի Իրանի վրայից հանվեն ամենակարեւոր՝ զենք գնելու պատժամիջոցները: Այդպիսով Ռուսաստանը մտածում է՝ եթե գազային-նավթային սեկտորը ինչ-որ մասով, քաղաքականության առումով զիջում է Արեւմուտքին, գոնե իր օգուտները ձեռք բերի զենքի առեւտրի ժամանակ: Այսինքն՝ ծանր կացություն է թե՛ ՌԴ-ի, թե՛ մեր տարածաշրջանի ապագա զարգացումների համար:

-Այս զարգացումների հետեւանքով հնարավո՞ր է ՀՀ-ում բենզինի կամ դիզվառելիքի գների իջեցում նկատվի, արդյո՞ք այդ առումով ՀՀ-ում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

-Տրամաբանությունից բխող հարց է, բայց քանի որ ՀՀ-ում շահութ ձեռք բերելը ոչ մի տրամաբանության չի տրվում… Ես ինչքան գիտեմ՝ ՀՀ-ի դիզվառելիքի եւ բենզինի շուկան ավելի շատ կապված է ռուսական նավթի ու նավթամթերքների վերամշակման հետ, Իրանի հետ քիչ է կապված:

Պարզ է, որ տարբեր երկրներում գինն ընկնում է, բայց արի ու տես, որ ՌԴ-ում, ընդհակառակը, աճում է, եւ եթե այնտեղից ենք բերելու, ապա այստեղ չի կարող իջնել, եթե ՌԴ-ում բարձրանում է: Եթե մենք անցնելու ենք Իրանից գնմանը… բայց ես ինչքանով գիտեմ՝ Իրանը նավթ է վաճառում, վերամշակման խնդիր ունի:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս