Մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում շահագործման է հանձնվել քաղաքի Oղակաձեւ հրապարակը: Այդտեղ են հատվում Երեւան-Դիլիջան-Իջեւան եւ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները: Պաշտոնական տվյալներով՝ Օղակաձեւ հրապարակում նորոգվել է շուրջ 8000 քառակուսի մետր տարածք: Նախկինում հրապարակի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, հրապարակը եզրափակող բազալտե եզրաքարերը՝ քանդված:
«Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով այդ աշխատանքները կատարել է «Խաչհար» ՍՊԸ -ն: Շինարարական աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով, դրանց արժեքը գրեթե 58 միլիոն դրամ է: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժոդովն արդեն հիշյալ ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
Տավուշի մարզի ճանապարհաշինական ձեռնարկությունները hիմա գրեթե պարապ են, իսկ սահմանամերձ մարզում լավ պատվերը, թեկուզ մրցույթով, տրվել է «դրսի» ընկերության, այն էլ այն բանից հետո, երբ «Խաչհարը» ձախողել է Տավուշի սահմանագոտում Վազաշեն-Պառավաքար ռազմավարական ճանապարհի կառուցումը: Դրա համար այն առնվազն պետք է տուգանքի արժանանար եւ ոչ թե նոր, «յուղոտ» պատվերի: Հիշեցնենք, որ Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր 2014թ. հունիսին: Այն կոչված էր ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից:
Ի սկզբանե այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահել եւ այն կառուցում էր Իջեւանի ՃՇՇ-ն: 2014թ. հուլիսին Տավուշ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցնել: Դա չարվեց, սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին, որը պարտավորվեց մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջ ավարտել կարեւոր ճանապարհի շինարարությունը:
Արդեն 2015-ի ապրիլն է, սակայն ճանապարհի շինարարությունը դեռ չի վերսկսվել: Մասնագետներն ասում են, որ նշված ճանապարհի այն հատվածում, որտեղ անցյալ տարի ասֆալտապատում է կատարվել, ասֆալտի շերտը քանդվելու է, քանի որ աշնանը եւ ձմռանը ջուրը մտել է դրա տակ, քայքայել: Ռազմավարական նշանակություն ունեցող հիշյալ ճանապարհի գործարկման ձգձգումն անթույլատրելի է, սակայն այդ հարցը, կարծես, շատ չի հուզում մեր իշխանություններին: Եվ սա այն դեպքում, երբ 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, 11 հոգի էլ (2 քաղաքացիական անձ) վիրավորվել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ