ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում մասնակցելու համար մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածությունները առաջադրել են Մհեր Աբրահամյանը, Արթուր Ամիյանը, Էմիրջան Ասլանյանը, Արսեն Առստամյանը, Դավիթ Աղաջանյանը, Վլադիմիր Դոլուխանյանը, Արթուր Լալայանը, Անդրանիկ Մանասյանը և Մաքսիմ Միրզոյանը։ Ի դեպ, այս ընտրատարածքում ամենաշատ թվով թեկնածուներն են առաջադրվել, հաղորդում է artsakhpress.am-ը։
Թիվ 2 ընտրատարածքի ընտրատեղամասերը տեղակայված են Ստեփանակերտի Ագրարային պետական համալսարանի շենքում, ԱրՊՀ-ի 1-ին մասնաշենքում, համար 10 դպրոցի շենքում և սպորտդահլիճում, համար 2 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերում, համար 11 դպրոցի 1-ին և 2-րդ մասնաշենքերում և «Սոսե» մանկապարտեզի շենքում։
Մհեր Աբրահամյան– Թեկնածուի կարգախոսն է՝ նոր սերունդ, նոր եռանդ, նոր գաղափարներ։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մհեր Աբրահամյանն ասել է, որ կարգախոսն իր մեջ ներառում է երիտասարդ սերնդի կամքն ու վճռականությունը Արցախի Հանրապետությունը օր առաջ ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ ու ավելի հզոր տեսնելու ցանկությունը։
««Մենք»-ով եմ խոսում, որովհետև մենակ չեմ. ես իմ թիկունքում ունեմ բազմակողմանի պատրաստված երիտասարդ թիմ, որի աջակցությամբ էլ հենց պետք է հաղթահարենք մեր առջև դրված խնդիրները»,- պարզաբանել է Մ. Աբրահամյանը և հավելել, որ «ոսկե սարեր» խոստանալու ժամանակները վաղուց արդեն անցել են, երբ այս կամ այն ժամանակավոր հարցերը լուծելով կարելի էր շահել ժողովրդի վստահությունը:
Անկուսակցական թեկնածուի առաջադրվելու հիմնական նպատակն այն է, որ ժամանակակից, արագընթաց զարգացող աշխարհին համահունչ գաղափարներով ու նոր ծրագրերով իրենց ներդրումը ունենան մեր երիտասարդ հայրենիքի բարգավաճման գործում և, վերջապես, ունենան այնպիսի հայրենիք, որը պատրաստ կլինի դիմակայելու ցանկացած մարտահրավերների։
Մ. Աբրահամյանը նշել է, որ ընտրատարածքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հստակ ու նպատակամղված աշխատանք, և մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով լուծում տալու այդ խնդիրներին:
Թեկնածուի խոսքով՝ խորհրդարանում իր գործունեությունը հիմնականում ուղղված կլինի պետության պաշտպանության և անվտանգության հարցերի լուծմանը՝ Արցախն ավելի ապահով ու պաշտպանված տեսնելու համար:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում