Հրայր Թովմասյանը` ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սույն թվականի սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախանշվել հետագա ծրագրերը: 
Քննարկվել է նաև խորհրդի դերի բարձրացման հարցը, որպեսզի այն ավելի ակտիվ դերակատարություն ունենա ԱՊՀ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների արագացման գործընթացում, ներառյալ մոդելային նախագծերի հաստատման, ինչպես նաև փորձի ավելի ակտիվ փոխանակման միջոցով: Այս նպատակով որոշվել է հետագա նիստերն առավել առարկայական և պարունակական դարձնել:
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախարարները քննարկել են իրենց երկրներում իրականացվող փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ԴԱՀԿ ծառայության և նոտարական համակարգի կարգավիճակի, իրականացվող բարեփոխումների, առկա ձեռքբերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև դատական փորձաքննությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները: 
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են համաձայնագիր՝ ,Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասինե: 
ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները: 




Լրահոս