Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, եւ կոչ արեցին աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կանայք կարող են միավորել իրենց ջանքերը եւ ամբողջ աշխարհին ասել՝ մենք դեմ ենք Ցեղասպանությանը։ Այսօր այստեղ գալու նպատակը նաեւ անմեղ զոհերի հիշատակին տուրք մատուցելն է»,- հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ Ցեղասպանության դեմ ընդվզումը պետք է հատկապես աշխարհի կանանց եւ մայրերի կողմից լինի, քանի որ նրանք են մարդկությանը ծնունդ տալիս:
«Մենք կոչ ենք անում աշխարհի կանանց եւ մայրերին միանալ մեզ եւ բոլորս միասին «ոչ» ասենք բոլոր ոճրագործություններին։ Մարդկությունը ծնում են մայրերը, մայրերն էլ պետք է պայքարեն, որ իրենց ծնած մարդկանց որեւէ մեկը կյանքի իրավունքից չզրկի»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհի մայրերին ուղղված «Ոչ Ցեղասպանությանը» կոչը կուղարկվի Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին:
«Մենք պետք է բոլոր դեսպանատներին բաժանենք այս կոչը եւ փորձենք հավաքագրել այն բոլոր մայրերին, ովքեր կիսում են մեր գաղափարը, որ աշխարհի երեսին վերանան ոճրագործությունները,ւ պատերազմները եւ ցեղասպանությունները»,-ասաց Մուրադյանը:
ՀՀԿ-ական կանայք բոլորը կրում էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով շարֆեր: