Ադրբեջանում հազարավոր ընդդիմադիրներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Ժողովրդավարական ճակատի ազգային խորհրդի կազմում ներառված ընդդիմադիր ուժերը երեկ «Վե´րջ տալ թալանին» կարգախոսով հակակառավարական հանրահավաք են անցկացրել Բաքվում, որին մասնակցել է շուրջ 10.000 մարդ:

Ինչպես գրում է contact.az-ը, ցուցարարները հայտարարել են, որ իշխանությունները շարունակում են արհամարհել երկրի քաղաքացիների շահերը, տնտեսությունը նախկինի նման մոնոպոլիստների ձեռքերում է, իսկ կոռուպցիան հանդիսանում է կառավարության գլխավոր սկզբունքը:

«Մեր օրինական պահանջները ու դժգոհություններն արհամարվում են, իսկ կառավասրությունը շարունակում է իր կողոպտիչ քաղաքականությունը: Պե՞տք է մեզ արդյոք նման կառավարություն, ցանկանո՞ւմ ենք ապրել նման պայմաններում: Ո՛չ, չենք ցանկանում ու մենք պետք է ստիպենք այդ իշխանությանը լսել մեզ ու սկսել իրական բարեփոխումներ: Դրա համար մենք պետք է միավորվենք ու ինքնակազմակերպվենք, չվախենանք ու պատրաստ լինենք պայքարին»,- ասել է Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Կերիմլին՝ բացելով բողոքի ցույցը:

Վերջինս նաև հայտարարել է, որ ադրբեջանցիներին պետք չեն Եվրոպական խաղերը, որոնց վրա երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում պետք է ծախսի 8 միլիարդ:

Կերիմլին նաև հարցով դիմել է ակցիայի մասնակիցներին, թե արդյոք նրանք ցանկանում են շարունակել ցույցը:

«Այո, կշարունակենք, չենք վախենում ու պահանջում ենք մեր իրավունքները»,- վանկարկել են ցուցարարները:

Կերիմլիի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է «հրաժարական», «ոչ թալանին», «պայքար մինչև վերջ» և այլ վանկարկումներով:




Լրահոս