Հայրենադարձված գերի 24-ամյա Արսեն Խոջոյանը մարտի 25-ից գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, որդին Առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է անցնում, այս շաբաթ հնարավոր է դուրս գրվի: Բժիշկները Ս. Խոջոյանին հայտնել են, որ Արսենի մոտ պսորիազը հաճախ է կրկնվում սթրեսային վիճակի` վերջնական չանցնելու հետևանքով. «Ասում են` նրա մեջից սթրեսը վերջնական դուրս չի եկել: Ու եթե այսպես շարունակվի, պսորիազն էլ վերջնական չեն կարող բուժել: Հիմա, իհարկե, վիճակը նորմալ է, առաջվա նման չէ: Ուղղակի վերքերը միանգամից շատացան ու շտապ հիվանդանոց բերեցինք»:
Սվետլանա Խոջոյանը փոխանցեց նաև, որ եթե անգամ Արսենն ապաքինվի, միևնույնն է, պետք է մշտապես բժիշկների հսկողության տակ լինի:
Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանը հայտնել էր, որ հակառակորդի մոտ գտնվելու ողջ ընթացքում ինքը չի սնվել և չի քնել: Սրա արդյունքում նրա մոտ վերջին շրջանում ի հայտ են եկել տարբեր հիվանդություններ: