ՕԳՆԵՆՔ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՆ ՉՀՈԳՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի որոշ գյուղերում նախագահական ընտրություններից առաջ կրքերն ավելի կսրվեն, քանի որ ոչ մի ընտրություն այստեղ առանց միջադեպերի չի անցնում: Վերջին ամենաթարմ օրինակը Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով՝ հեմատոմաներով եւ սալջարդերով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973թ. ծնված Արամ Մելիքյանը: Ոստիկանները պարզել էին, որ Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամի հետ, ծեծել նրան: Հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել էր 30-ամյա Կառլեն Ե.-ին եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ին, որոնք, ԶԼՄ-ների փոխանցմամբ, Արամին ծեծել են իրենց ընկերոջ՝ «ՄԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանի հրահանգով: Վերջինս հրավիրվել էր ոստիկանություն, ցուցմունքներ տվել եւ ազատ արձակվել: Ոստիկանությունն էլ լրատվամիջոցներին երեկ հայտնեց, որ 500,000-ական դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել նաեւ Մակարի ընկերներ Կառլենն ու Զոհրապը: Տպավորություն կա, որ նրանք արդեն «հովանավորողների» «ապահով» ձեռքերում են:
Հաջորդ արյունոտ դեպքը նույն մարզի Ջանֆիդա գյուղում էր. այստեղ 15-ամյա անչափահաս Ս. Ա.-ն փողոցում սպանել էր 85 տարեկան Հմայակ Պետրոսյանին: «Հետք»-ի տեղեկություններով՝ կրակած անչափահասը ոստիկանի որդի է: Գյուղի բնակիչները թերթի լրագրողին պատմել էին, որ համայնքապետի թեկնածուներից Գուրգեն Սարգսյանի կողմնակիցներից մեկն ավտոմեքենայով Հմայակ Պետրոսյանին բերել է ընտրատեղամաս՝ քվեարկելու: Մինչ տեղամաս մտնելը ինչ-որ մեկը հուշանվերի նմանվող ատրճանակ է տվել անչափահասին, որպեսզի պահի իր մոտ: Երբ ծերունին քվեարկել եւ դուրս է եկել տեղամասից, անչափահասը պատահմամբ կրակել է Պետրոսյանի վրա, որը տեղում մահացել է: Հիշեցնենք, որ Ջանֆիդայում համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Ռաֆիկ Եղիազարյանը՝ հաղթելով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի աջակցությունը վայելող Գուրգեն Սարգսյանին:
Այստեղ թերեւս նաեւ հիշատակենք հենց Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռուստամ Գասպարյանի հետ ընտրությունների ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները, որոնք կապվում են ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի անվան հետ:  Այսպես. 2006թ. ապրիլի 1-ին մահափորձ էր կատարվել Ռուստամ Գասպարյանի դեմ: Վերջինս իր «Համմեր-2» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել էր Արմավիրի քաղաքային կադաստրի շենքի հարեւանությամբ եւ մտել ԲՀԿ կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակ: Որոշ ժամանակ անց դուրս էր եկել այնտեղից եւ Արմավիրի նախկին քաղաքապետի հետ մի պահ զրուցելուց հետո շարժվել դեպի իր ավտոմեքենան: Նստելու պահին հակառակ մայթին կայանված «ՎԱԶ-2174» մակնիշի ավտոմեքենայից ինքնաձիգով մի ամբողջ պահունակ էին դատարկել Ռ. Գասպարյանի ուղղությամբ՝ հրազենային վնասվածքներ հասցնելով նրա ձեռքի եւ ոտքերի շրջանում: Պատգամավորին օգնության էր հասել վերջինիս ընկեր Էդիկ Սարգսյանը եւ ատրճանակի կրակոցներով կանխել հանցագործի հետագա գործողությունները: Մահափորձ իրականացնողն ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրգործ: Ավելի ուշ պարզվել էր, որ մահափորձ կատարողը իրավապահներին ներկայացած Արմավիրի բնակիչ Սամսոն Պողոսյանն է՝ ԱԺ մեկ այլ պատգամավոր (ՀՀԿ-ից) Նահապետ Գեւորգյանի որդու ընկերը: Ու թեեւ Ս. Պողոսյանին դատապարտեցին 8,5 տարվա ազատազրկման, սակայն ԱԺ ընտրություններից առաջ նրան վաղաժամկետ ազատ արձակեցին:
 Կարճ ժամանակ անց Սամսոնի անունը կրկին հայտնվեց մամուլում: Ըստ այդմ, 2012թ. ապրիլի 6-ի առավոտյան Ս. Պողոսյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին տնից դուրս էին հրավիրել թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանին եւ նրա հետ վեճի բռնվել: Տեղի էր ունեցել ծեծկռտուք, անգամ կրակոցներ էին հնչել, եւ տուժողներ եղել: Արդյունքում Մխոյանը հրաժարվեց ընտրապայքարից, իսկ Սամսոնին մեղադրյալի կարգավիճակ չտվեցին, թեեւ նրա անունը շրջանառվեց նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ, ԲՀԿ քարոզարշավին մասնակցող Արայիկ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու հարցում:
Հ.Գ. Սրանք դեռ ԱԺ եւ ՏԻՄ ընտրություններն են, իսկ ի՞նչ է լինելու նախագահական ընտրություններից առաջ. ի՞նչ են անելու մարզի կուսակցականները՝ իրենց ուժն ու հավատարմությունը հարազատ կուսակցությանն ապացուցելու համար: Նրանց «հովանավորողներն» էլ ցույց են տալիս, թե ինչպես կարող են օգնել «առաջին գծում» «աշխատողներին»՝ գործող ռեսուրսները չկորցնելու եւ նախագահական ընտրություններում հաղթելու համար: Իսկ Բամբակաշատի դեպքի հետ կապված հանգամանքները կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս