Կայացավ «Աբգար Մուրադյան» դուետի անդրանիկ բեմելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Աբգար Մուրադյան» դուետի անդրանիկ բեմելը։

Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարար, Աբգար Մուրադյանի որդին՝ Արմեն Մուրադյանը։
«Աբգար Մուրադյան» դուետի կազմում ընդգրկված են Աբգար Մուրադյանի դասարանի սան, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։ Վերջիններս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներ են և նվագախմբի կազմում են նրա կազմավորման առաջին իսկ օրից։

Սա 3-րդ համերգն է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նվիրում է հանրապետության վաստակավոր արտիստ, անվանի կլարնետահար, մանկավարժ Աբգար Մուրադյանի հիշատակին։ Եվ դա պատահական չէ։ Աբգար Մուրադյանն այն արվեստագետներից էր, ով շատ մոտ էր կանգնած երիտասարդական նվագախմբի կազմավորման ակունքներին և իր գործունեությամբ ամեն ինչ անում էր՝ լինելու երիտասարդների կողքին, աջակցելու մասնագիտական, կազմակերպչական և մարդկային խորհուրդներով։

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը նշեց, որ Երիտասարդական նվագախմբի կազմում գործում են տարբեր գործիքային անսամբլներ։ Եվ առաջարկը՝ դուետը կոչել Աբգար Մուրադյանի անունով, Սերգեյ Սմբատյանինն էր։ Աբգար Մուրադյանը երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի փողային գործիքների ամբիոնը։ Նրա դասարանում կերտվել են բազմաթիվ երաժիշտներ, որոնք այսօր նվագում են հայաստանյան և արտասահմանյան կոլեկտիվներում, հայտնի են որպես առաջատար մենակատարներ։

Դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը, անդրադառնալով համերգային ծրագրին, նկատեց, որ այն բազմաժանր էր։ Հնչեցին Շումանի, Դեբյուսիի, Պենդերեցկու, Մեսսաժեի, Ռոզենբլատի ստեղծագործությունները։

Աբգար Մուրադյանի որդին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, համերգի վերջում ներկայացնելով իր զգացումները, նշեց, որ շատ տպավորված է, հուզված ու երախտապարտ։ «Կարծում եմ՝ Աբգար Մուրադյան անունը շատ պարտավորեցնող է։ Անհանգիստ էի համերգի սկզբին, սակայն երիտասարդների կատարումները լսելով՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ Դավիթ Գյուլամիրյանն Աբգար Մուրադյանի արժանի աշակերտն է։ Տպավորված եմ նաև Լիլիթ Զաքարյանի կատարումներով»,- նշեց Արմեն Մուրադյանը։ ՀՀ առողջապահության նախարարը, ի դեպ, նույնպես երաժշտական աշխարհից է։ Ունի երաժշտական կրթություն. նվագում է դաշնամուր։




Լրահոս