«Կինոյի մասին օրենքն ընդունում են մարդիկ, ովքեր մորթել են կինոն, թալանել «Հայֆիլմ»-ն ու «Երևան» կինոստուդիան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կինոյի մասին օրենքի առաջին փորձնական տարբերակը պատրաստ կլինի 10-15 օրից: Գևորգյանը հավաստիացրել է, որ օրենքը կխթանի այսօր կինոգործիչների առջև ծառացած մի շարք խնդիրների լուծմանը, տարբեր երկրների ռեժիսորներ ցանկանում են Հայաստանում ֆիլմ նկարահանել, բայց համապատասխան պայմաններ չկան: Սակայն, թե օրենքը հստակ ինչ կարգավորումներ է նախատեսում, պարզ կլինի 15 օրից:

Armlur.am-ի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կարծիք հայտնեց, որ կինոն, արվեստը զարգանում են ոչ թե օրենքների միջոցով, այլ ուրիշ գործոններ են անհրաժեշտ դրա համար` ազատ շուկա, քաղաքացիական և տնտեսական ազատություններ: «Օրենքներն իրական են այնքանով, որքանով կատարվում են: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ փայլուն Սահմանադրություն կա գրված, բայց այդ Սահմանադրության կիրառումը հարցական է:

Իսկ կինոյի օրենքի մասին կարող եմ ասել` բավական է նայել, թե ով է օրենքն ընդունելու: Դա բնականաբար անելու են նույն մարդիկ, ովքեր 10-11 տարի առաջ «մորթել» են հայկական կինոն, երբ 2004 թվակականին թալանվեցին, լուծարվեցին հայկական երկու կինոստուդիաները` «Հայֆիլմ»-ը և «Երևան» կինոստուդիան: Նույն մարդիկ մնացին ղեկավար պաշտոններում, տասնամյակներ ղեկավարելով չգիտեմ ինչը: Հիմա նույն մարդիկ ամպագոռգոռ հայտարարություններ են անում կինոն վերականգնելու համար: Կինոն ո´չ թե շենք է, ո´չ թե օրենքն է, կինոն մշակութային դպրոց է, փորձի փոխանակում է, յուրահատուկ, շատ նուրբ ստեղծագործական  մթնոլորտ է»,- մանրամասնեց Տիգրան Խզմալյանը:

Վերջինս ավելացրեց, որ որևէ սպասելիք չունի կինոյի մասին օրենքից:

Իսկ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դրական է գնահատում այն, որ փորձ է արվում կարգավորվել կինոյի ոլորտը: Սակայն, դեռևս հստակ գնահատական տալ չի կարող:

«Համենայն դեպս, եթե այն բարեփոխումների և բարելավումներին է ծառայելու, ես որպես արվեստագետ, որպես թատրոնի և կինոյի մարդ, ուրախ եմ և ողջունում եմ այդ քայլը»,- նշեց նա:




Լրահոս