Առաջիկայում գործելու է երիտասարդական խորհրդարան, որն իր ձեւով եւ բովանդակությամբ պետք է նման լինի գործող ԱԺ-ին: Երիտասարդական խորհրդարանի գաղափարի հեղինակն ԱԺ խոսնակն է, որը կազմավորման աշխատանքները հանձնարարել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին: Երիտասարդական խորհրդարանն ունենալու է 131 պատգամավոր եւ 12 մշտական հանձնաժողով: Շատերի համար անհասկանալի է այս պահին այն ստեղծելու անհրաժեշտությունը: Իսկ թե ովքեր եւ ինչպես տեղ կգտնեն երիտասարդական խորհրդարանում, դեռ հայտնի չէ:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդական խորհրդարանին: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այն ստեղծելու նպատակը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Խորհրդարանի ստեղծման նպատակը երիտասարդներին հանրապետականացնելն է: Միգուցե երիտասարդների համար ձեռքբերումներ լինեն, բայց կրկնում եմ՝ այս ամենի նպատակն է քիչ թե շատ գրագետ երիտասարդներին հանրապետականացնել, ինչը ես ընդունելի չեմ համարում: Ինչպես ուսուցիչներին, բժիշկներին են հանրապետականացնում, այնպես էլ փորձում են արդեն ապագա բժիշկներին եւ ուսուցիչներին հանրապետականացնել: Նախ սա, կարծում եմ, PR է, թե իբր գործ են անում, բայց իրականում թոզ են փչում ժողովրդի աչքին: Մենք պետք է նախ հնարավորություն տանք երիտասարդներին հասունանալ, որից հետո իրենք ինքնուրույն պետք է որոշում կայացնեն, թե որտեղ են իրենց տեսնում, որ կուսակցության գաղափարախոսությունն են ընդունում, եւ քաղաքական որ ուժն է ավելի նվիրված ազգին, պետությանը: Եթե նպատակն ազնիվ լիներ, ես կողջունեի այս խորհրդարանի ստեղծումը, բայց մենք գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում: Չեմ բացառում, որ ՀԱԿ-ի երիտասարդներից էլ լինեն: Եթե մեր երիտասարդները ցանկանան, մենք դեմ չենք լինի: Մեր երիտասարդները եթե լինեն այնտեղ, համոզված եմ՝ իրենց ընդդիմադիր կեցվածքով կբացեն շատ-շատ երիտասարդների աչքերը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես տեղյակ չեմ: Դե գիտեք ինչ, ժամանակ չի եղել աշխատելու, որ ես տեսնեմ իրենց աշխատանքը, նրանց առաջարկները կամ քննարկումները: Բայց կարող եմ ասել, որ այդ ամենը պայմանական բաներ են, կարեւորն աշխատանքն է:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատականներ նախորդին չեմ կարող տալ, քանի որ չեմ հետեւել աշխատանքներին, հիմա էլ նոր է ձեւավորվում, կձեւավորվի, կտեսնենք, իսկ նպատակները նորմալ նպատակներ են: Եթե նորմալ ընտրություն լինի, ամեն ինչ լավ կլինի: Իսկ նորմալ ընտրություններ կանցնեն, թե ոչ՝ Ձեր հարցին չեմ պատասխանի:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ