ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԹԱԼԱՆԻՑ ՄԻ ԴՐՎԱԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն այս տարվա փետրվարին Հայաստանի մի քանի մարզերում վաճառվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող 92,86 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր: Վաճառված հողերի մեծ մասը` 53,67 հեկտարը, եղել են Արմավիրի մարզի պետական կամ համայնքային սեփականության: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արմավիրում պետական հողերը վաճառվել են միջինը 1 ք/մ-ը 5,3 դրամով: Իսկ, ահա, Վայոց Ձորի մարզում 9 հեկտար հողը վաճառվել է միջինը 4,8 դրամով:
Այն, որ Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաները թալանում են պետական ունեցվածքը, վաղուց հայտնի իրողություն է, սակայն, որ դա կարող է նման լկտի ձեւով արվել, նույնիսկ հայկական իրողության համար չափազանցություն է թվում: Կասկածից վեր է, որ վաճառված պետական հողերը հետագայում դառնում են այս կամ այն պաշտոնյայի սեփականությունը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի բոլոր քիչ թե շատ կշիռ ունեցող պաշտոնյաները տասնյակ, իսկ երբեմն նաեւ՝ հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն: Այդ հողերի հաշվին պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում նշում են, թե իբր գյուղատնտեսությունից անհավանական չափերի եկամուտներ են ունեցել, ասենք՝ մի քանի հարյուր կամ միլիոն դոլարի չափով, եւ այդպիսով օրինականացնում են պետբյուջեից գողացված «սեւ փողերի» մի մասը: Այլ կերպ ասած՝ հողերը պաշտոնյաներին հարկավոր են՝ հանցավոր ճանապարհով ձեռքբերված եկամուտները «լվանալու» համար:

 

 

 

 
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ կասկածվող Կարո Խաչատրյանը նախօրեին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ մեղայական ցուցմունք տվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված անձը Գյումրիի քրեական տարրերից է, սակայն նշանակալի դիրք չի զբաղեցնում, կամ այլ կերպ ասած՝ «կատարողներից» է: Մեր տեղեկություններով՝ Կարո Խաչատրյանը քննիչներին խոստովանական ցուցմունքներ տալուց բացի՝ չի պարզաբանել, թե կոնկրետ ինչու է այդ արարքն արել: Նա ասել է, թե՝ այո՛, ես եմ արել, բայց չեմ գիտակցել՝ ինչու եմ նման բան անում, ստացվեց: Ի դեպ, Կարո Խաչատրյանի հայրը Գյումրիում հայտնի ատամնաբույժ է, եւ ըստ գյումրեցիների՝ նրա եւ իր քրեական որդու կերպարների միջեւ ոչ մի ընդհանուր բան չկա:

 

 

 
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից բոլոր ուղղություններով արտահանումը կտրուկ նվազել է: Մեր երկրից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 85,4 տոկոսով` մոտ 49 միլիոն դոլարից դառնալով 7 միլիոնից մի փոքր ավել: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել դեպի Ռուսաստան: Անցած տարվա 40 մլն 135 հազար դոլարի փոխարեն այս տարի Ռուսաստան է ուղարկվել ընդամենը 533 հազար դոլարի ապրանք: Իսկ, ահա, Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկու երկրներ՝ Բելառուսիա եւ Ղազախստան, ընդհանրապես ապրանք չի արտահանվել ՀՀ-ից: Ի դեպ, 21,8 տոկոսով նվազել է նաեւ դեպի Եվրոպական միության անդամ երկրներ արտահանումը: Փոխարենը դեպի, այսպես կոչված, «այլ երկրներ» արտահանումը աճել է 3,8 տոկոսով: Խոսքը վերաբերում է հիմնականում դեպի Չինաստան արտահանումներին: Հավելենք, որ ՀՀ-ից դեպի նշված երկիր հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների` Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվելու Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ մայոր Վ.Վ. Բիրյուկովը: Մինչ այս «Ժողովուրդ»-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննության արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ առնչություն ունեցող 18 պաշտոնյաներ: Ի դեպ, չնայած Գյումրիում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի մեծ մասն այս ընթացքում հարցաքննվել է, սակայն հիմնական հարցի պատասխանը դեռ չի տրվել, մասնավորապես, ինչպե՞ս է կարողացել Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված զենքով զորամասից աննկատ հեռանալ եւ ինչո՞ւ պետք է սպաներ ընտանիքի 7 անդամներին:

 

 

 

 

 

ԱՆՀԱՐԳԱՐԺԱՆ

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի` նախօրեին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթը, չգիտես ինչու, շատ ցավագին ընդունվեց Հայաստանի քաղաքական եւ լրատվական որոշ շրջանակների կողմից: Նրանց հատկապես վրդովվեցրել էր ՌԴ Պետդումայի նախագահի` Արեւմուտքի հասցեին արած կոշտ գնահատականների ֆոնին հիշատակումը, որ հակառուսական պատժամիջոցներից առավելապես տուժել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան եւ Մոլդովան: Սա գնահատվեց որպես սպառնալիք-զգուշացում` ուղղված Հայաստանին, եթե վերջինս հանդգնի երազել «եւ-եւ»-ի քաղաքականությունը շարունակելու մասին:
Այդպես է դա արդյոք, թե ոչ, դժվար է միանշանակ ասել, բայց որ Ռուսաստանի իշխանությունները նման զգուշացման համար կարիք չունեն Պետդումայի նախագահի մակարդակով ելույթներ ունենալ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, բավարար է ընդամենը մեկ հեռախոսազանգը Բաղրամյան 26, կարծում ենք, այսօր քչերի մոտ կասկածի տեղիք կտա: Նույնքան ակնհայտ է նաեւ այն, որ Նարիշկինի գնահատականը` Ուկրաինայի եւ Մոլդովայի կրած վնասների հետ կապված, պարզապես իրողություն է, որը ցանկացած քաղաքական շահագրգռությունից առաջ ամրագրված է պարզ, տնտեսական ցուցանիշներով (այդ շարքում է նաեւ Վրաստանը): Եվ փորձել չտեսնել կամ խեղաթյուրել այդ իրողությունը ոչ միայն դժվար է, այլեւ անօգուտ: Ի դեպ, հենց նույն Ուկրաինայում տեւական ժամանակ չէին ցանկանում տեսնել ակնհայտ բաները, սակայն ծվեն-ծվեն արվող այդ երկրի աչքերը կամաց-կամաց բացում է ոչ այնքան Ռուսաստանը, որքան հենց նույն Եվրամիությունը` իր երկակի եւ ոչ վճռական պահվածքով:
Նույնկերպ անհասկանալի է այն վրդովմունքը, որն ապրում են հայրենի արեւմտամետ ուժերը Նարիշկինի այն հայտարարությունից, թե անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հայ ժողովրդի ընտրությունն է: Հետաքրքիր է՝ իսկ ինչ պետք է ասեր Նարիշկինը, եթե մեր երկրի նախագահը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը», ինչից հետո, ի դեպ, ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված որեւէ հանրային ընդվզում, քիչ թե շատ մարդաշատ հանրահավաք, կամ բողոքի այլ հիշարժան դրսեւորում չեղավ: Ավելին՝ երկրի ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի, ԵՏՄ-ի հասցեին հնչեցվող դիֆերամբներով անգամ գերազանցեց իշխանություններին: Եվ, ի վերջո, անցած դեկտեմբերի 4-ին երկրիս Ազգային ժողովը գրեթե միաձայն, բացառությամբ 7 հոգու, կողմ քվեարկեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրին: Ժողովրդի ընտրությունն էլ ինչպե՞ս է լինում:
Առհասարակ, մենք սիրում ենք քննադատել օտարերկրյա պաշտոնյաներին Հայաստանի նկատմամբ նրանց դրսեւորած լկտի, ցինիկ եւ անհարգալից պահվածքի համար` մոռանալով, որ ուրիշներից հարգանք պահանջելուց առաջ հարկ է, որ ինքներս հարգենք մեզ:




Լրահոս