Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեության մասին 2014 թվականի տարեկան զեկույցը։ Նշված ամփոփիչ զեկույցում որևէ անդրադարձ Մարտի 1-ի գործին չկա:
Նկատենք, որ նախորդ տարի Մարտի 1-ի զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ, Գ. Կոստանյանը խոստացել էր, որ բացահայտման հարցում առաջընթաց կլինի։ Սակայն որևէ առաջընթացի մասին արձանագրություն Հանրապետության գլխավոր դատախազը չի կազմել:
Այս հարցի շուրջ armlur.am-ը զրուցեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ: Վերջինիս համար նշված փաստը սպասելի էր, քանի որ, Սարգիս Քլոյանի գնահատմամբ, եթե անգամ ասելու բան լիներ, գլխավոր դատախազը չէր ասի. «Նրանց դուխը չի հերիքել, որ զեկույցում Մարտի 1-ի մասին ինչ-որ բան նշեն: Նրանք այդքան համարձակություն չեն ունեցել: Գլխավոր դատախազն «իրավունք չուներ» մարտի 1-ի վերաբերյալ նշել, քանի որ վաղուց իշխանության մոտ Մարտի 1-ի էջը հանված է: Նա ասել էր, թե ՀՔԾ են գնում, այս են անում, այն են անում, ես այդ ամենը շոու եմ անվանում»:
Մարտի 1-ին զոհվածի հոր խոսքով` այս պարագայում պետք է սպասել այնքան ժամանակ, մինչև ներկայիս իշխանությունները կհեռանան և բոլոր մեղավորները կպատժվեն: