«ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՊՏԱԿԵԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնայբանկում ներդրված ավանդները փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության  N 352 Ն որոշումը հարուցել է քաղաքացիների զայրույթը: Այս առթիվ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած հերթական քաղաքացին կենսաթոշակառու Պետրոս Մարոյանն է: Վերջինս իր գրավոր խոսքում դժգոհում է ներկայիս իշխանությունների քաղաքականությունից եւ այն համեմատում երիտթուրքերի վարած քաղաքականության  հետ:
«Ամեն անգամ, երբ հիշում եմ, թե ինչպես աշխատած յուրաքանչյուր կոպեկս տնտեսելով՝ բանկում ավանդ դրեցի, չեմ կարողանում ինձ ներել: Բայց հիմա իմ զայրույթը գագաթնակետին է հասել:  Կառավարության N 352 Ն որոշումն ինձ ափերից հանում է»,-բողոքում է Մարոյանը:
Նամակագիրը նշում է, որ 1990-2000թթ., պարբերաբար գործազրկության մեջ գտնվելով, ցրտի ու խավարի մեջ ապրելով, ինքն իրեն հույս է ներշնչել, որ շուտով պատերազմը կավարտվի, եւ ժողովուրդը կթոթափի դաժան օրերի նստվածքը, կսկսի նոր, ժողովրդավարական պետության պայմաններում աշխատել ու ապրել: Սակայն Մարոյանը հուսահատ է, քանի որ, ինչպես տեսնում ենք, բավական հեռու ենք մեր երազած երկրից:
«Այսպես թե այնպես բարետեսության օրերն անցան: Սկսվեցին ծերության օրերը՝ ապրելու համար պարբերաբար բուժզննման ու բուժօգնության անհրաժեշտություն առաջացավ` սրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ՝ ֆինանսական ծախսեր, որոնք ինձ համար խոշոր  գումարներ են: Մեկ անձի մեկ օրվա ծախսը հիվանդանոցում կազմում է առնվազն քսան հազար դրամ, ես դրա հետ բախվել եմ:
Անշուշտ, բուժման համար կարելի է որեւէ մեկից կանխիկ գումար պարտք վերցնել: Սակայն չի կարելի պարտատիրոջը ասել՝ ես ՀՀ բանկում գումար ունեմ, կստանամ կտամ: Սակայն, կառավարության այս չարաբաստիկ որոշման մեջ ավանդների վերադարձման համար որեւէ ժամկետ նշված չէ»,-շարունակում է կենսաթոշակառուն:
Նա անչափ բարկացել է, երբ ուսումնասիրել է թիվ 352 Ն որոշման  թիվ 1 հավելվածի 4-րդ գլխի պահանջները: Համաձայն դրանց` փոխհատուցումը չի կարող անցնել այլ անձի,  լինել գույքի առարկա, ժառանգության զանգվածի մեջ  մտնել (նույնիսկ զավակները, կինը կամ ամուսինը չեն կարող ժառանգել)… Իսկ եթե ավանդատուն կորցրել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը, ապա նա չի կարող ստանալ փոխհատուցման իրավունք: Սա անհասկանալի է մնում մեր նամակագրի համար:
«Ի՞նչ արեցին, ո՞վ գողացավ այդ ավանդների գումարները: Թե՞ կարելի է ենթադրել, որ Հայաստանում սկսված միլիարդավոր դոլարների շինարարություն է կատարվում այդ փողերով: Իմ ինտելեկտը թույլ չի տալիս ավելորդ բառեր ասել, բայց իշխանական Սարգսյաններին հանդիպելու դեպքում կապտակեի»,-վրդովված եզրափակում է Պետրոս Մարոյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս