Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրող հիմնական գործոններից մեկը անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակն է: Այսինքն՝ եթե անշարժ գույքի գները Հայաստանում անընդհատ իջնում են, ապա զարգացող տնտեսության մասին խոսելն ավելորդ է:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը երկու պատկեր ունի, մեկը առկա իրողությունն է, որին տիրապետում են անշարժ գույքի գործակալությունները, բայց այս դեպքում անհնար է ամբողջական պատկեր ունենալ: Բանն այն է, որ անշարժ գույքի շուկայի խաղացողներից յուրաքանչյուրը յուրովի է իրավիճակը գնահատում եւ չի սիրում իր տիրապետած տվյալները հրապարակայնացնել:
Մյուս պատկերը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կազմած պաշտոնական վիճակագրական տվյալներն են: Բնականաբար, այդ տվյալներին կարելի է վերաբերել շատ մեծ վերապահումներով: Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի գներն անցած տարվա փետրվարի համեմատ չեն փոխվել եւ նույնն են: Իհարկե, ով այս մեկ տարում անշարժ գույքի հետ կապված գործարքներ է կատարել, կասի, որ պաշտոնական վիճակագրության այդ մոտեցումը իրականության հետ կապ չունի:
Սակայն նույնիսկ պաշտոնական վիճակագրությունում կան տվյալներ, որոնք ուղղակի մատնում են անշարժ գույքի շուկայում առկա վիճակը: Այսպես՝ ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի հետ կապված 12 հազար 49 գործարք: Անցած տարի նույն ամսին կնքված է եղել 16 հազար 874 գործարք: Ի դեպ, հունվարին եւս անշարժ գույքի հետ կապված գործարքների թվերն անցած տարվա համեմատ նվազել էին: Ըստ այդմ, այս տարվա առաջին երկու ամիսներին անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը կազմել է 21 հազար 40, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այն եղել է 26 հազար 947: Անկումը կազմել է 5 հազար 907 գործարք, կամ նույն է թե՝ մոտ 22 տոկոս: Իսկ գործարքների կտրուկ անկումը վկայում է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի անկման մասին: Եթե պահանջարկը նվազել է, ապա դա էլ իր հերթին նշանակում է, որ գնորդների թիվն է պակասել: Այլ կերպ ասած՝ բոլորը ցանկանում են իրենց անշարժ գույքը վաճառել, բայց գնորդ չկա:
Անշարժ գույքի շուկայի հետ կապված մեկ այլ խնդիր էլ գոյություն ունի, որը ոչ թե տնտեսությունում առկա իրավիճակն է բնորոշում, այլ Հայաստանի պետական ունեցվածքի թալանը: Այսպես՝ ըստ ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների՝ այս տարվա փետրվարին վաճառվել է 92,86 հեկտար պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղական նշանակության հողատարածք: Մասնավորապես, ամենաշատ հողատարածքները վաճառվել են Արմավիրի մարզում` 53,67 հեկտար` 14 գործարքի արդյունքում: Այսինքն՝ մեկ գործարքի արդյունքում միջինը վաճառվել է 3,8 հեկտար պետական կամ համայնքային սեփականության հող: Պետական հողերի վաճառքի գծով երկրորդը Արարատի մարզն է, որտեղ վաճառել են 19,10 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող` 16 գործարքով: Վայոց Ձորի մարզում վաճառվել է 8,98 հեկտար պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր: Երեւանում եւ մնացած մարզերում վաճառված հողակտորների մակերեսները, վերը բերվածի համեմատ, շատ փոքր են: Իսկ ամենաուշագրավն այն է, թե այդ հողերն ինչ գներով են վաճառվել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում պետական հողերը վաճառվել են միջինը մեկ հեկտարը 53 հազար 100 դրամով, այսինքն՝ 1 ք/մ-ը 5,3 դրամով: Արմավիրի տարածաշրջանում 8 գործարքով սեփականաշնորհվել է 47,77 հեկտար հող: Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ Արմավիրի տարածաշրջանում վաճառված պետական հողերի մեկ հեկտարի նվազագույն գինը եղել է 30 հազար 500 դրամ, կամ այլ կերպ ասած՝ 1 ք/մ-ը 3 դրամ, իսկ մաքսիմումը` 60 հազար 900 դրամ կամ 1 ք/մ-ը՝ 6 դրամ: Սա ուղղակի ծաղր է: Կասկածից վեր է, որ եթե հնարավորություն տրվի ուսումնասիրել, թե ովքեր են եղել Արմավիրի տարածաշրջանի պետական հողերի գնորդները, ապա կպարզվի, որ նրանք բոլորը Արմավիրի մարզպետի կամ համապատասխան համայնքների ղեկավարների մերձավորներն են: Համեմատության համար նշենք, որ նույն Արմավիրի տարածաշրջանում մասնավոր հողերի վաճառքի միջին գինը եղել է մեկ հեկտարը 1 միլիոն 200 հազար դրամ: Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում երկու գործարքով 8,98 հեկտար հողը վաճառվել է մեկ հեկտարը 48 հազար 400 դրամ միջին գնով կամ 1 ք/մ-ը՝ 4,8 դրամ:
Իսկ որպեսզի առավել ակնհայտ լինի, թե ինչպես է թալանվում պետությունը, ներկայացնենք մնացած մարզերում եւ տարածաշրջաններում պետական հողերի վաճառքի միավորի` 1ք/մ-ի միջին գները.
Աշտարակ- 69,4 դրամ
Արտաշատ- 163,5 դրամ
Մասիս- 53,3 դրամ
Վեդի- 20,8 դրամ
Բաղրամյան- 121,7 դրամ
Վաղարշապատ- 48,3 դրամ
Գավառ- 200 դրամ
Տաշիր- 16,7 դրամ
Աբովյան- 269,9 դրամ
Եղվարդ- 95,6 դրամ
Հրազդան- 51,9 դրամ
Այսքանից հետո, կարծում ենք, հասկանալի է դառնում, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ, տասնյակ, իսկ երբեմն նաեւ հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն տարբեր մարզերում: Սա պետության թալան է օրը ցերեկով:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԵՌ ԴՐԱԿԱՆ
Ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր դեռ անցյալ տարվա հունիսին, մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ եւ ՀՀ նախկին վարչապետների հետ պարբերաբար հանդիպումներ է կազմակերպելու: Մարտի 27-ին ՀՀ Կառավարությունում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետների ակումբի անդրանիկ նիստը: Վարչապետներից հանդիպմանը մասնակցել էին ընդամենը չորսը՝ Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանից պարզել, թե որքանով է իրականացված համարում նախապես հռչակված ծրագիրը:
-Պարո՛ն Մանուկյան, որքանո՞վ եք արդյունավետ համարում վարչապետների ակումբի նիստը: Ի վերջո, Հայաստանի 12 վարչապետներից ներկա գտնվեցին միայն 4-ը, համակարծի՞ք եք, որ իրական չդարձավ Հ. Աբրահամյանի նպատակը:
-Ես կարծում եմ, որ այդպիսի հարց քննարկել իմաստ չունի, ինքը՝ նախաձեռնությունը, դրական էր, առաջին խոսակցությունը դրական տպավորություն թողեց, բայց թե առաջիկայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա: Հիմա շատ շուտ է դրա մասին ինչ-որ բան ասել:
-Սերժ Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ վարչապետ են եղել, նրանց հրավեր չէր ուղարկվել:
-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին հրավեր չուղարկելը նորմալ է ու այն տեղավորվում է բոլոր կանոնների մեջ, որովհետեւ դրանից հետո իրենք նախագահ են աշխատել, ինչքան տեղյակ եմ՝ Արմեն Դարբինյանը Մոսկվայում էր գտնվում, իսկ Արամ Սարգսյանի հայտարարության մասին տեղյակ չեմ: Բայց եթե կա, ապա ասեմ, որ դա կարծիք է, ու ես հարգում եմ ցանկացած կարծիք: Բայց սա շատ ընդունված պրակտիկա է աշխարհի տարբեր երկրներում, նորմալ բան է, որը, կարծում եմ, օգտակար է:
ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԱԶԱՏԵՆ
ՀՀ Կառավարության այսօրվա նստում որոշում կկայացվի Արամ Հարությունյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Որտե՞ղ է աշխատելու Հարությունյանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին Հարությունյանն, ըստ էության, չպատասխանեց. «Նման քննարկումներ կան, ու արդեն օրակարգում հարցը դրված է, սակայն նշանակման հետ կապված չեմ ցանկանում առաջանցիկ հայտարարություններ անել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արամ Հարությունյանը նշանակվելու է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ Կոտայքի մարզպետ նշանակվի Աբովյանի քաղաքապետ, Գ. Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը:
ՉԻ ԳՈՐԾԵԼ
Թենիսի զարգացման ազգային հիմնադրամը հրապարակել է իր՝ 2014 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: Ըստ այդ հաշվետվության՝ հիմնադրամը նախորդ տարվա ընթացքում չի գործել, գույք չի օգտագործել եւ ֆինանսական հոսքեր չի ունեցել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉԻ ԱՅՑԵԼԻ
Ռուսաստանը պահպանում է կապերը Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի ստեղծման շուրջ բոլոր մակարդակներում, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում չի նախատեսում այցելել Թուրքիա: Այս մասին երեկ հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԲԱՆԱԿՑԵԼ ԵՆ
Երեկ Վիեննայում կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունները: ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերի էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ լավ բանակցություններ` ԼՂ հակամարտության դեպքերի ու դրա խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ»: Ավելի վաղ Ուորլիքը շեշտել էր, որ պատրաստվում է շփման գծում բռնության վերսկսման վերաբերյալ զեկույցով հանդես գալ:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորիներին` նրանց շնորհավորելով Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԻ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։ Դուշանբեում նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ապրիլի 3-4-ը նա կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը: Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Մ. Մաշալովը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ակտիվացնելու եւ խորացնելու առեւտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցությունը: