Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլմեկյան կատակ էր արել՝ «Կ» (կատակ) նշանի տակ հրապարակելով մի լուր՝ ըստ որի՝ նախօրեին Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն, եւ Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականի, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնել քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին եւ ամեն ինչ բերել մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին:
Թերթը օգտագործել էր նաեւ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի պատվիրակության` Երեւանում գտնվելու փաստը, որն էլ ավելի հավաստի էր դարձրել տեղեկությունը: Ինչպես հայտնի է՝ Նարիշկինը Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի մտերիմ ընկերն է: Ավելին՝ գրվել էր, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրված: Ու քանի որ լուրը կառուցված էր Հայաստանի քաղաքական մտքին համահունչ՝ Ռուսաստանի Դաշնության գործոնը ֆետիշացնելով, ուստի երեկ, ինչպես եւ սպասվում էր, հայրենի քաղաքական դաշտն իրար էր խառնվել:
Խմբագրությունում չէին դադարում զանգերը՝ ճշտելու, թե Ծառուկյանն իսկապես վերադառնալու է մեծ քաղաքականություն: Ընդ որում, զանգահարում էին ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ ու տարբեր գործիչներ: Լրագրողների մեծ մասն էլ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնականից է փորձել իմանալ, թե երբ է կայանալու ՀՀԿ ԳՄ խոստացված նիստը: ՀՀԿ խոսնակի օգնականը ստիպված եղավ անգամ համացանցում գրել. «Ժողովուրդ ջա՛ն, «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլմեկյան կատակ է արել, այսօր ԳՄ նիստ չկա»: Քաղաքական կատակը չէր ընկալվել նաեւ քաղաքական դաշտի մի քանի ներկայացուցչի կողմից: Նրանց մեծ մասը սկսեց վերլուծություններ անել այս թեմայով:
Օրինակ` արթիկցի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը կարծիք հայտնեց, թե քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է: «Ամեն ինչ հնարավոր եմ համարում: Քանի որ անունը քաղաքականություն է, ապա ամեն ինչ հնարավոր է: Երբեք հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ չեն լինում: Եթե այդ սկզբունքը հաշվի առնենք, ապա ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Պետոյանը:
Գագիկ Ծառուկյանի եւ այն ժամանակ համաժողովրդական շարժման կողքին կանգնած «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ նույն թեմայի վերաբերյալ ասաց, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն բացառված չէ: «Նա հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ պահից սկսած նա ակտիվ քաղաքականություն չի վերադառնա: Սա առաջին: Երկրորդ` դա ամենեւին կապ չունի այն բանի հետ, որ որեւէ երկրից կարող է հայաստանյան իշխանություններին հրահանգ իջեցվի`Հայաստանում նման գործընթաց սկսելու համար: Ես չեմ կարծում, որ նախ` Ռուսաստանն իրեն թույլ կտա, որ ներքաղաքական նման հարցերով միջամտի Հայաստանի ներքին գործերին, եւ երկրորդ` չեմ կարծում, որ հայաստանյան իշխանությունները թույլ կտան նման կարգով` որպես սուվերեն պետություն, հրահանգ իջեցվի այլ երկրների ղեկավարների կողմից, անկախ նրանից, թե դիմացի պետությունն ինչ դերակատարություն ունի մեր տարածաշրջանում: Այսինքն` դրանք այն խնդիրները չեն, որտեղ պետությունները միջամտեն: Չի բացառվում, որ խոսակցություններ եղել են: Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ բավականին լավ հարաբերությունները` կարող է հարցը քննարկման նյութ դառնալ: Դրա համար ես բացառում եմ, որ կարող է նման հրահանգ իջեցվել հայաստանյան իշխանություններին, եւ վերջիններս էլ պարտավորություն վերցնեն: Միանշանակ, բացառում եմ: Ընդհանրապես, պետությունների փոխհարաբերություններում երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների եւ այլ խնդիրների վերաբերյալ ստրատեգիական գործընկեր պետությունները միմյանց տեղյակ պահում են»,- նշել էր Գառնիկ Իսագուլյանը:
Իսկ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, թերեւս, մեր զրուցակիցներից միակն էր, որ Ծառուկյանի վերադարձը ռեալ չհամարեց. «Եթե թարգել ա, ուրեմն թարգել ա: Ինքը չի ուզում: Խաչ ա քաշել էդ գործի վրա ու ճիշտ էլ արել ա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Զավեշտալի էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի արձագանքը: «Գիտե՞ք, վատ է անգամ, որ Դուք հիմա կրկնում եք նման անհեթեթությունը։ Երբեմն հոդվածներ են շարադրվում մեր մամուլում՝ «հավաստի աղբյուրների» վրա հղումով, որոնց առաջին իսկ այդ բառերից արդեն հասկանալի է լինում, որ հիմա մի կատարյալ անհեթեթություն է շարադրված լինելու: Դուք հիմա հենց նման օրինակի մասին էիք հարցնում»,-Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Վահրամ Բաղդասարյանը։
Համաձայնեք՝ «Ժողովուրդ» օրաթերթին եւ armlur.am-ին հաջողվեց խաբել շատերին՝ ժպիտ առաջացնելով դժգույն քաղաքական կյանքի «ներկայացուցիչների» մոտ գոնե մի քանի վայրկյանով: Իսկ ովքեր որ անկեղծորեն հավատացել էին մեր հրապարակմանը, ներողություն ենք խնդրում՝ հուսախաբ անելու համար: Չէ՞ որ երեկ ապրիլի 1-ն էր:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԱՄՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում կարմիր գույնի ադրբեջանական էքսկվատորը խոր փոսեր է փորում: Ենթադրվում է, որ տրակտորը ադրբեջանական զինուժի համար բլինդաժներ է փորում: Այդ աշխատանքները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Հայ սահմանապահներն ադրբեջանական էքսկավատորի աշխատանքին չեն խոչընդոտում: Նշենք, որ Աշաղի Աքսիբարան ադրբեջանցի զինյալներից մաքրվել է 1992թ. հունիսի 14-ին, սակայն հետո հայ սահմանապահները նահանջելով՝ դիրքեր գրավեցին գյուղի սկզբնամասում: Ժամանակին հայ սահմանապահները չամրացան ազատագրված այդ տարածքում, եւ հիմա ադրբեջանցիներն օգտվելով դրանից՝ ամրացնում են դիրքերը, նոր հենակետեր կառուցում:
ՇՈՐԹՈՒՄ «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՄԻՋՈՑՈՎ
Իջեւան քաղաքի բնակիչ Արտակ Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 20-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի՝ իր անհատական էջում ներկայանալով որպես Արտակ Ազարյան, ծանոթացել եւ նամակագրական կապ է հաստատել Մոսկվա քաղաքի հայազգի բնակչուհի Ն. Վ.-ի հետ: Նամակագրության ընթացքում նա «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով Ն. Վ.-ից ստացել է վերջինիս ինտիմ լուսանկարները, այնուհետեւ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություներ տարածելու, վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու եւ Ն. Վ.-ի մտերիմներին ուղարկելու սպառնալիքով 2014թ. դեկտեմբերի 4-ին ներկայացրել է 180 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Ս 4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ: Ա. Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով (Շորթումը): Նրան այս հոդվածով սպառնում է տուգանք՝ 400-800 հազար դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Ա. Խաչինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է մարտի 25-ին, հաջորդը նշանակված է ապրիլի 3-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ
2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով արտերկրից Հայաստան է ներմուծվել 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5.275 տոննա եգիպտացորենի, 5.924 տոննա կապույտ առվույտի եւ 247.825 տոննա կորնգանի սերմացու, որից Շիրակի մարզին հատկացվել է 190 տոննա գարու, 65 տոննա կորնգանի եւ 1 տոննա առվույտի սերմացու: Համաձայն Կառավարության գյուղատնտեսական ծրագրի՝ սերմացուն համեմատաբար մատչելի գներով կհատկացվի գյուղացուն: Ստացվել է նաեւ դիզվառելիքն ու պարարտանյութի քանակությունը: Այսպես՝ Կառավարության հաստատած գնացանկի համաձայն՝ 1 կգ գարու սերմացուն շիրակցի գյուղացուն կտրվի 130 դրամով, 1 կգ կորնգանի սերմացուն 370 դրամով եւ 1 կգ առվույտի սերմացուն՝ 1500 դրամով: Այս աջակցությունը զգալի է գյուղացու համար, քանի որ շուկայում նույն սերմացուներն արժեն համապատասխանաբար 1 կգ՝ 180 դրամ, 600 դրամ եւ 2000-2500 դրամ: Չի փոփոխվի նաեւ ազոտական պարարտանյութի արժեքը. Կառավարությունը մարզի գյուղացու համար մեկ պարկ պարարտանյութի արժեքը հաստատել է 6000 դրամ՝ ընդ որում, մարզպետարանի վրա դնելով պարարտանյութը գյուղացուն հասցնելու տրանսպորտային ծախսերը: Կոնկրետ Շիրակի մարզին այս տարի հատկացվել է 2500 տոննա ազոտական պարարտանյութ:
Այս ամենով հանդերձ մարզի գյուղացիների համար մտահոգիչ են աշնանացան ցորենի սերմացուի կուտակված պարտքերը, որոնք սկսվել են դեռ 2012-ից ու հասնում են մինչեւ 24 միլիոն դրամի: Այդ պարտքերի վճարման վերջնաժամկետը լրանում է ընթացիկ տարվա ապրիլի մեկին` ըստ Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի: Հուսադրողն է այն, որ տարին սկսվում է դրականորեն: Մարզի գյուղոլորտի պատասխանատուները նշում են, որ այս տարի 3000 հեկտարով ավելացել են մարզի ցանքատարածությունները եւ նույնիսկ կարողացել են ունեցած պահուստներից շուրջ 600 տոննա սերմացու էլ անվճար հատկացնել 2014-ի կարկտահարությունից տուժած համայնքներին: Մնում է հուսալ, որ նույն հաջողությունը կարձանագրվի մարզում նաեւ բերքահավաքի ժամանակ եւ տհաճ եղանակային ու այլ անակնկալներ չեն լինի, գյուղացին էլի ձեռնունայն չի մնա տարվա կեսին` անհույս ու վարկերի բեռան տակ կքած:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի 2014թ. ֆինանսական հաշվետվությունը.
եկամուտներ՝ 30 միլիոն 940 հազար 870 դրամ,
այդ թվում՝
թերթերի իրացում՝ 16 միլիոն 830 հազար 845 դրամ,
գովազդ՝ 14 միլիոն 110 հազար 025 դրամ,
ծախսեր՝ 29 միլիոն 665 հազար 857 դրամ,
այդ թվում՝
թերթերի տպագրական ծախսեր՝ 17 միլիոն 569 հազար 911 դրամ,
աշխատավարձ՝ 10 միլիոն 605 հազար 657 դրամ,
այլ ծախսեր՝ 1 միլիոն 454 հազար 789 դրամ,
հարկեր՝ 3 միլիոն 606 հազար 239 դրամ,
այդ թվում՝
եկամտահարկ՝ 2 միլիոն 311 հազար 660 դրամ,
շրջանառության հարկ՝ 1 միլիոն 294 հազար 577 դրամ: