ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՈՒԶՎԵՑ, ԳՈՒԼՈՅԱՆԸ 100 ՕՐ ԽՆԴՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է` այլ աշխատանքի անցնելու նպատակով: Իսկ Կոտայքի նոր մարզպետ է նշանակվել Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը Կարապետ Գուլոյանին ներկայացրեց Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին:
Նախկին մարզպետ Արամ Հարությունյանը մարզպետարանի անդամներին, գյուղապետերին ու քաղաքապետերին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, վերջում էլ ներողություն խնդրեց այն մարդկանցից, ում ակամայից նեղացրել է. «Նաեւ առիթը չեմ կորցնում ու նշեմ, որ աշխատանքի ընթացքում լինում են թերություններ ու դիմելով մեր աշխատակազմին՝ ասում եմ, եթե որեւիցե մեկին անկախ իմ կամքից վիրավորել կամ նեղացրել եմ, կամ ճնշել եմ, ապա ներողություն եմ խնդրում»:
«Ժողովուրդ»-ը երեկ մի քանի հարցեր է ուղղել արդեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին եւ Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին:

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ որոշում կայացվեց Ձեզ Կոտայքի մարզպետի պաշտոնից տեղափոխել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնին: Ի՞նչ թերություններ կային Ձեր մարզպետական աշխատանքում, որոնք դուր չեկան ՀՀ իշխանություններին:
-Ես, բնականաբար, Ձեզ անկեղծորեն պետք է ասեմ, որ 10 ամիս եմ աշխատել, բայց ես նույնիսկ հուզված եմ հեռանում, շատ լավ կոլեկտիվ է ձեւավորվել: Մենք մարզում ունենք 67 համայնք, մենք բոլորս աշխատել ենք արդյունավետ, հավաստիացնում եմ Ձեզ, անկախ քաղաքական իրավիճակից, բոլորս արդյունավետ աշխատանք ենք իրականացրել:
-Փաստորեն Ձեր աշխատանքը չգնահատեցի՞ն:
-Մենք մեր հաշվետվությունը ե՛ւ ՀՀ վարչապետին ենք ներկայացրել, ե՛ւ մարզխորհրդին ու գնահատականներ տալու վերաբերյալ, անկեղծ ասած, ես չեմ ուզում իմ աշխատանքի վերաբերյալ գնահատական տալ, գնահատականը տալիս է վերադասը, ու Դուք կարող եք այդ հարցն ուղղել վերադասին: Մարզպետարանի աշխատակիցների առջեւ դրված խնդիրները կատարվել են:
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակումը, կարելի է ասել, պաշտոնի «ցածրացում» է: Ինչո՞ւ այդ կերպ վարվեցին Ձեզ հետ:
-Այսպես մեկնաբանեմ՝ պաշտոնների ցածրացում կամ բարձրացում չի լինում, եթե Դուք հետեւել եք իմ աշխատանքին, ես նախարարից մարզպետ եմ նշանակվել ու հայտարարել եմ, որ իմ աշխատանքը նվիրումով, սիրով ու պատասխանատվությամբ եմ անելու:
-Նշվում է, որ այս ընթացքում Դուք գրեթե բոլորի հետ խնդիրներ ու տարաձայնություններ եք ունեցել, անգամ «Աբովյան» հեռուստաընկերության ղեկավար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի հետ: Ինչո՞ւ, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը:
-Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լրատվամիջոցներին պատշաճ եւ ժամանակին լրատվություն ապահովենք, որովհետեւ ամենաճիշտը դա է: Անձերի հետ կապված բացարձակապես որեւէ խնդիր չենք ունեցել, Արթուր Հարությունյանի հետ շատ լավ, նորմալ, աշխատանքային, մտերիմ հարաբերությունների մեջ եմ: Ես որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չունեմ, առավել եւս՝ անձնական խնդիր: Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

 

ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒԼՈՅԱՆ
-Պարո՛ն Գուլոյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնից հետո Ձեզ նշանակելու են Կոտայքի մարզպետ:
-Այո՛:
-Իսկ Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակել:
-Իսկ արժանի չե՞մ, իմ աշխատանքի շնորհիվ է դա եղել: Ես նորմալ աշխատել եմ ու երկու անգամ ընտրվել եմ քաղաքապետ, կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ես փորձ ունեմ:
-Գուցե Ձեր նշանակումը պայմանավորված է Ձեր հայրիկի՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի կամ Ձեր աներ-հայրիկի՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործոնո՞վ:
-Ո՛չ, գործոն չի եղել, իշխանությունները առաջարկել են, իսկ ես էլ չեմ հրաժարվել:
-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ՀՀ իշխանությունների հետ, նշվում է, որ նպատակ ունեք անդամագրվել հանրապետական կուսակցությանը:
-Շատ նորմալ, նման բան չկա, ես անկուսակցական եմ, այս պահին անկուսակցական էլ մնալու եմ: Նախ պետք է առաջին հերթին ծանոթանամ մարզին, բոլոր բնագավառներին, որից հետո 100 օր անց կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին: Խնդրում եմ՝ սպասեք 100 օր:
-Ո՞վ է Ձեզ փոխարինելու Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, արդյո՞ք տեսնում եք Ձեր «ժառանգորդին»: Նշվում է, որ այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն Արթուր Հարությունյանն է՝ Պալաչը:
-ՀՀ յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքն է իր թեկնածությունը առաջադրել ՏԻՄ ընտրություններում: Ով կառաջադրի, կընտրվի, ես ձեռքը կսեղմեմ: Առաջադրումներից հետո կասեմ իմ կարծիքը:

 

 

 

 

 
ՊԱԼԱՉԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՈՒ ՎՍՏԱՀ Է` ԿՀԱՂԹԻ

Կարապետ Գուլոյանի` Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո Աբովյանի քաղաքապետի պաշտոնը մնաց թափուր: Ըստ աբովյանցիների՝ այդ պաշտոնի առայժմ միակ հավակնորդը «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչն է, որն արդեն երկար տարիներ է` ինչ պայքարում է քաղաքապետի պաշտոնի համար: «Ժողովուրդ»-ը զրուցել է Արթուր Հարությունյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել:

-Պարո՛ն Հարությունյան, պատրաստվո՞ւմ եք Ձեր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում:
-Այո՛, ես առաջադրվելու եմ, ինքնաառաջադրվելու եմ եւ ասեմ, որ վստահ եմ իմ հաղթանակի հարցում:
-Իսկ ի՞նչն է Ձեզ նման վստահություն տալիս, գուցե արդեն պայմանավորվածությո՞ւն ունեք իշխանությունների հետ:
-Ես ապրում եմ Աբովյան քաղաքում, շփվում եմ մարդկանց հետ, մեր կողմնակիցների բանակը շատ է, մենք էլ գործ ենք անում, աշխատում ենք, ունենք հարգանք, ամենօրյա մարդկային շփում, դրանից էլ ենթադրում եմ, որ ամեն ինչ ի օգուտ մեզ է լինելու: Կառաջադրվեն թեկնածուները, ու ամեն ինչ պարզ կլինի, կորոշվի, թե ում են պաշտպանում: Ես բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, ես սովորական գործարար եմ, աշխատում եմ այս երկրի բարօրության համար:
-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր կպաշտպանեն Ձեր թեկնածությունը:
-Մեր երկրի իշխանությունները պաշտպանում են բոլոր քաղաքական մտածելակերպ ունեցող, նորմալ աշխատող մարդկանց, ես չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել հարցերին, ես փորձելու եմ անել ամեն ինչ, որպեսզի այս քաղաքում ամեն ինչ շատ լավ լինի:
-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:
-Շատ նորմալ փոխհարաբերություններ ունենք, ես նորանշանակ մարզպետի հետ որեւէ խնդիր չունեմ, չեմ էլ ունեցել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԻՆՉՈՒ Է ԼՌՈՒՄ ՀՔԾ ՊԵՏԸ
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը չի ցանկանում պատասխանել այն հարցին՝ արդյո՞ք ինքը հավակնություն ունի դառնալու ՀՀ գլխավոր դատախազ: Երեկ՝ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո, փորձեցինք ՀՔԾ պետից պարզել, թե որքանով են իրական լուրերը, որ Վահրամ Շահինյանը գլխավոր դատախազ դառնալու գաղափարով տարված վերջին շրջանում հնարավորինս հաճախակի է այցելում Սերժ Սարգսյանին: Բայց, ինչպես միշտ, Վահրամ Շահինյանը հարցը լսելով՝ ոչինչ չպատասխանեց: Իսկ երբ հարցը կրկնեցինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ չի ցանկանում պատասխանել, նա ոչինչ չասող, անհաղորդ հայացքով երկար նայեց եւ դարձյալ որեւէ բան չխոսելով՝ շտապեց դեպի իր ծառայողական ավտոմեքենան:

 

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ»-Ի ՓՈՂԵՐԸ
«ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամը հրապարակել է իր՝ 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, պարզվում է, որ հիմնադրամն անցած տարի ծախսել է 81 մլն 968 հազար 457 դրամ: Հիմնադրամի միջոցները գոյացել են՝ ընդունելության քննության մասնակցության վճարներից` 10 մլն 886 հազար դրամ, ուսումնառության վճարից` 79 մլն 450 հազար դրամ, ՀՀ փաստաբանների պալատից ստացված եկամուտից` 2 մլն 700 հազար դրամ, տարածքի վարձավճարից` 120 հազար դրամ, փաստաբանների վերապատրաստման վճարից` 185 հազար դրամ, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունից ստացված` 4 մլն դրամ եւ Եվրոպայի խորհրդից ստացված՝ 2 մլն 344 հազար 220 դրամ գումարներից:

 

ՁՈՒԿԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ՞
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ ձկնամթերքի շուկայում թանկացումներ չպիտի արձանագրվեն: Այս մասին «Ժողովուրդ»-ին վստահեցրեց ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը: «Ոչ, ձուկը չի թանկանա: Հակառակը՝ մենք ձկնաբույծներով, իջեցրել ենք ձկան գինը: Վստահեցնում եմ, որ այն կպահպանվի ինչպես Զատիկի նախօրեին, այնպես էլ` հաջորդող օրերին»,- վստահեցրեց Բունիաթյանը: Իսկ թե որքանով կիրականանան Արմեն Բունիաթյանի խոստումները, ցույց կտա ժամանակը: Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում տնտեսվարողներն առիթից օգտվելով կամ արհեստական դեֆիցիտ ստեղծելով՝ մի քանի օրով գները կտրուկ թանկացնում են: Այս մտահոգությանն ի պատասխան՝ Բունիաթյանն ասաց. «Ամեն դեպքում, ձկան արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները չեն պատրաստվում թանկացնել իրենց արտադրանքը, իսկ թե խանութների, սուպերմարկետների սեփականատերերն ինչպես կվարվեն, այս մասով տեղյակ չեմ»: Հուսանք՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը քնած չի մնա:




Լրահոս