ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ
Բիթլիսի նահանգի բնակիչները ցանկանում են փոխել Վանա լճի անունը: Նրանք ցանկանում են, որ Վանա լիճն այսուհետ կրի Դատվանի ծով անունը՝ հենվելով օսմանյան արխիվների վրա: Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմ է արտահայտվել այդ անվանափոխությանը՝ ընդգծելով, որ Վանա լճի ափագծի 2/3-ը բաժին է ընկնում Բիթլիսի նահանգին: Բիթլիսցիները համաձայն են նաեւ այն տարբերակին, որ եթե Վանա լիճը չվերանվանվի Դատվանի ծով, ապա գոնե պետք է անվանվի  Բիթլիս-Վան լիճ կամ էլ Վան-Բիթլիս լիճ:

ՈՂՋ ԿԱՄ ՄԵՌԱԾ
«Սիրիայի ապստամբական ազատ բանակը 25 միլիոն դոլար պարգեւավճար է խոստացել նրան, ով ողջ կամ մեռած կհանձնի երկրի նախագահ Բաշար Ասադին»,-գրում է ITAR-TASS-ը: Ապստամբների հրամանատարներից մեկը հայտարարել է, որ այս լուրն առաջին հերթին ուղղված է նախագահի մերձավոր շրջապատի մարդկանց: Հաղորդվում է նաեւ, որ փողը պատրաստ են վճարել ապստամբներին աջակցող «որոշ գործարարներ»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՏՈՒՆ
Մեծ Բրիտանիայում աշխատանքից հեռացրել են վարչապետ Դեյվիդ Քեմերոնի աշխատակազմի «անդամ» չորքոտանուն իր պարտականությունները լավ չկատարելու համար: Լարի անունը կրող կատուն վերջին 6 ամիսների ընթացքում ընդամենը մի մուկ է բռնել: Այս որոշումն ընդունել է անձամբ վարչապետը, ում համբերության բաժակը լցվել է, երբ աշխատանքային ժամին նա կատվին «բռնացրել է» քնած վիճակում: Այսուհետ թագավորության գլխավոր մուկ բռնող պաշտոնապես դարձել է մեկ այլ կատու՝ Ֆրեյան, իսկ Լարին կշարունակի ապրել կառավարության շենքում, սակայն նրան պահելու ծախսերը երկու անգամ կկրճատվեն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս