Այսպիսով պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանություններն այլեւս բացառում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման տարբերակը: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության երեկ տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ «Նաիրիտում» կատարված անձնակազմի կրճատումից հետո մնացած աշխատողների թիվը 480 է:
«Աշխատավարձի պարտքը, որը գոյացել է նախորդ տարիներին, հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հավաստմամբ՝ այժմ բանակցություն է վարվում այդ հարցը լուծելու ուղղությամբ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ավելին՝ նա նաեւ հայտնել է, որ Կառավարությունը «Նաիրիտի» աշխատակիցներին որեւէ խոստում չի տվել: Սա այն դեպքում, երբ մինչեւ վերջերս ՀՀ Կառավարությունը պարբերաբար հավաստիացնում էր, թե հեսա-հեսա ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում կկատարի եւ կվերագործարկի «Նաիրիտը»: Իսկ այսօր արդեն ասում են, որ պարտքերը հնարավոր կլինի մարել միայն գործարանի գույքի մի մասը վաճառելու հաշվին:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2014-ի փետրվարի 24-ին, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գնացել էր Սոչի եւ այնտեղ հանդիպել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, այդ հանդիպումից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ասել էր. «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը` կատարված աշխատանքների եւ իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»: Հետագայում մի քանի անգամ եւս հայտարարվեց, որ «Ռոսնեֆտը» կվերաշահագործի «Նաիրիտը»: Սակայն այսօր արդեն «Ռոսնեֆտը» մի տեսակ մոռացության է մատնվել, կարծես թե նման բան չի էլ եղել:
Այն, որ ռուսական ընկերությունը «Նաիրիտում» ներդրում չէր կատարելու, ի սկզբանե պարզ էր, պարզապես ուշագրավ էր, թե ինչպես էին իշխանությունները փորձում հայ հանրությանը համոզել, թե իբր ռուսական ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ներդրում կատարել: Իրականությունն այն է, որ ռուսական ընկերությունները երբեք դրսից գումար չեն բերել Հայաստան: Սովորաբար նրանք գործել են հետեւյալ սխեմայով՝ չնչին գնով ձեռք են բերել Հայաստանի այս կամ այն ստրատեգիական նշանակության ձեռնարկությունը, որը տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ է ապահովել: Այդ եկամուտների մի մասը ծախսել են՝ նույն ձեռնարկության գործունեությունը պահպանելու համար եւ դա ներկայացրել են որպես ներդրում: Այս մեխանիզմն է գործել «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Հայռուսգազարդի», «Հրազդան ՋԷԿ»-ի եւ մնացած ռուսական բաժնեմասով ընկերություններում: Այսինքն՝ Հայաստանի որեւէ ձեռնարկությունում ռուսական կողմը երբեք երկարաժամկետ եւ, այսպես ասած, դրսից բերած գումար չի ներդրել: «Նաիրիտը» այս ֆոնին պետք է լիներ հենց այդ բացառությունը, քանի որ այն վերագործարկելու համար անհրաժեշտ էր, որ ռուսական կողմը մեծ գումարներ ներդներ: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ռուսական ընկերություններն իրենց գործելաոճը չեն փոխում. նրանք երբեք Հայաստան գումար չեն բերում, նրանք այստեղից միայն տանում են:
«Ռոսնեֆտի» հետ կապված մեկ այլ ուշագրավ պահ էլ կա: Բանն այն է, որ ռուսական կողմի հետ կնքած համաձայնագրով 2014 թվականի սկզբից Հայաստանը բենզին եւ դիզելային վառելիք գնում է հենց այս ընկերությունից: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտին» Հայաստանին վառելիքով ապահովելու մենաշնորհ է տրված, իսկ այդ քայլը ժամանակին պատճառաբանվում էր հենց այն հանգամանքով, որ ռուսական այդ ընկերությունը խոստացել էր վերագործարկել «Նաիրիտը»: Սակայն, ինչպես միշտ, ներդրման պահը ժամանակի ընթացքում օրակարգից անհետացավ, իսկ «Ռոսնեֆտի» մենաշնորհը մնաց:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇՇԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը: Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի եւ նորից վերսկսի աշխատել: Աբովյանցիներից շատերը մեզ հետ զրույցում ասում էին, որ գործարանի աշխատակիցներին արդեն իսկ տեղեկացրել են, որ աշխատանքի չգնան, բայց չեն հստակեցրել, թե մինչեւ երբ է գործարանը «փակված» մնալու: Հիշեցնենք, որ այդ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանին, իսկ մյուս 50 տոկոսը` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Մուրադ Գուլոյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ փորձել է պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն:
ՄԻՆՉԵՎ ՉԼՍԵՍ, ՉԵՍ ԳՆԱ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո մշտապես Կառավարության շենքից դուրս է գալիս ծառայողական մուտքով: Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի զինվորների հարազատներն իրենց մտահոգություններն ու խնդիրները ներկայացնեն նախարարին: Երեկ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո ծառայողական մուտքի առաջ հավաքված քաղաքացիները, տեսնելով Սեյրան Օհանյանի ավտոմեքենան, թույլ չտվեցին, որ այն հեռանա եւ շրջափակելով այնպես արեցին, որ նախարարը լսի իրենց: Սեյրան Օհանյանը ստիպված իջեցրեց ծառայողական ավտոմեքենայի ապակին եւ վերցրեց քաղաքացիների նամակները, լսեց նրանց բողոքները, եւ դրանից հետո նոր միայն քաղաքացիներն ազատեցին նախարարի ավտոմեքենայի ճանապարհը եւ թույլ տվեցին, որ հեռանա:
ԿՐԿԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանը, այս տարվա մարտի 12-ին հերթական անգամ տուգանվել է՝ մաքսային օրենսդրությունը խախտելու համար: Վերջինս 2014 դեկտեմբերի 9-ին Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում, վերը նշված մաքսատան պետի որոշմամբ Մակար Պետրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մակար Պետրոսյանը նույն խախտման համար տուգանվել էր եւս 50 հազար դրամով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՈՒՐԱԽ ԵՆՔ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ. «Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատեւ կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության եւ համագործակցության ամրապնդմանը։ Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»։
ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ
«Հայաստանի իշխանությունները քաղաքական «գծերից դուրս» այնպիսի վիճակի մեջ են հայտնվել, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Օրինակ` հաջորդ մի մարզպետը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի տղան»,- Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի փեսային մարզպետ նշանակելուն, ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Քաղաքական բան չկա սրա մեջ, որպեսզի մենք` քաղաքական գործիչներս, դրա մասին խոսենք: Եթե երկրի նախագահը երկու ամիս առաջ ասում է` ապաքաղաքական տարրերը պետք է դուրս գան, «բամփում են» գլխին, ինչ ասես` չեն ասում, դրանից հետո նման բան է կատարվում… Իմ համոզմամբ՝ այս տուն-տունիկը մի օր վերջանալու է: Հիմա թե՛ Գագիկ Ծառուկյանի սիրտն են սիրաշահում, թե՛ Հովիկ Աբրահամյանի գործողությունների պլանն են իրագործում` ֆեոդալիզմի հաստատման, հայտնի չէ»:
ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կլինի Մոսկվայում: Այս մասին, սակայն, տեղեկացնում է ոչ թե հայկական, այլ ռուսական կողմը: «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեման նախատեսում է քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում համագործակցությանը, ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն համալիր»,- հաղորդում է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:
ՄԵՐԺԵԼ Է
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկ դարձյալ բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի մոտ` պահանջելով իրենց աշխատավարձի պարտքի մարումը: Գործարանի աշխատակիցների ներկայացուցիչներին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նաիրիտցիները հանդիպումից հետո հայտնել են՝ խնդրել են վարչապետին մեկ-երկու ամսվա աշխատավարձ վճարել իրենց, սակայն Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Կառավարությունը չունի այդ հնարավորությունը:
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ
Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»։
ԲԱ ՍԱՐԳՍՅԱ՞ՆԸ
«Հարկային ստուգումները սահմանված են օրենքներով, եւ սա բնականոն գործընթաց է»: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետ անդրադառնալով վերջերս ՀՀԿ գործարարների հանդեպ սկսված հարկային ստուգումներին՝ նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Զարմանալու որեւէ բան չկա: Փորձում եք ինչ-որ այլ տիպի եզրակացություններ անել այն տեղերում, որտեղ տենց բան չկա: Հարկային ստուգումները նախկինում էլ են եղել, մեկի դեպքում աղմուկ է եղել, մյուսի դեպքում` ոչ»,- նշեց նա: Նաղդալյանը ընդգծեց, թե հարկային ստուգումների մասին մտածված աղմուկ են բարձրացնում, իսկ հարկային մարմնի վրա կուսակցական լինելը բացարձակապես չի ազդում: Լրագրողների հարցին՝ կարո՞ղ է հարկային ստուգումները հասնեն Սերժ Սարգսյանի եղբորը, նա նշեց. «Բոլոր այն ընկերությունները, որոնք աշխատում են ՀՀ-ում, օրենսդրության համապատասխան ենթարկվում են ստուգումների, լինում են տուգանքներ, վճարում են»: