ԽԴՐԱՆՑՈՒՄ ՀԻՆԳ ԱՆԱՍՈՒՆ Է ԱՆԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Խդրանց գյուղում վերջերս 5 խոշոր եղջերավոր կենդանի է անկել: Գյուղացիները կարծում են, որ կենդանիները անկել են պաստերելյոզ հիվանդությունից: Իսկ, ահա, ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿԻ Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Կամո Սարգսյանը պնդում է, որ Խդրանցում անկել է ընդամենը մեկ կենդանի: Եւ այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե այդ կենդանին ինչ պատճառով է անկել:

Տեղեկացնենք, որ պաստերելյոզը ընտանի եւ վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է: Գոմաղբում, արյան մեջ, սառը ջրում հարուցիչը կենսունակ է մնում 2-3 շաբաթ, դիակում` մինչեւ 4 ամիս, թռչունների սառեցված մսեղիքում` 1 տարի: Ի դեպ, այս հիվադության նկատմամբ ընկալունակ են նաեւ մարդիկ: Պաստերելյոզով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մսեղիքը եւ սպանդի մյուս մթերքները արգելվում է բաց թողնել հում վիճակում: Տվյալ հիվանդության դեպքում միսը թույլատրվում է օգտագործել եփած, ապխտած երշիկների արտադրությունում:
«Ժողովուրդ»-ը Խդրանցի գյուղապետ Գնել Սարգսյանից տեղեկացավ, որ օրեր առաջ իրենց գյուղում անկել է թվով հինգ խոշոր եղջերավոր անասուն: Գյուղացիները կասկածում են, որ այդ կենդանիները անկել են պաստերելյոզ հիվանդությունից: «Հինգ անասուն է սատկել, մարդիկ էլ այն թաղել են հողի տակ: Վակցինան իր խնդիրներն ունի, անասնաբուժական կենտրոնն էլ՝ իր թերությունները: Տարածքային գլխավոր անասնաբույժն ասում է, որ մեկ ամիս հետո պետք է վակցինացում կատարեինք, բայց հիմա արդեն բուժումները կատարվում են»,- փոխանցեց գյուղապետը:
Տեղեկացնենք, որ Խդրանց գյուղն ունի ընդամենը 23 բնակիչ, որոնց եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է: Այստեղ մարդիկ ապրում են կաթի եւ մսի վաճառքից ստացված գումարներով: Եվ այսօր խդրանցիների մի մասը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում՝ կորցնելով եկամտի միակ աղբյուրը: Բնականաբար, նման դեպքերում Կառավարությունը գյուղացուն, անասնատիրոջը ոչ մի լումա փոխհատուցում չի տալիս:
Պարզելու համար, թե ինչու են նշված համայնքում ուշացել վակցինացման աշխատանքները, ինչի արդյունքում տուժել է գյուղացին, «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Կամո Սարգսյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ Խդրանցում անկել է ընդամենը մեկ անասուն: Թե ինչու են իրար հակասում գյուղապետի եւ Սարգսյանի հայտարարությունները, անհասկանալի է: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը Սարգսյանի հետ զրույցից պարզեց, որ Խդրանցում պաստերելյոզ հիվանդության դեմ պատվաստումն իրականացվել է միայն գյուղապետի ահազանգից հետո:
«Ապրիլի 1-ին երկու անասնաբույժ գլխավոր անասնաբույժի հետ այդ գյուղում վակցինացման աշխատանքները կատարել են: Բայց պաստերելյոզ հիվանդությունը դեռ չի հաստատվել եւ այդ մի անկման նմուշներն ուղարկել ենք Գորիս՝ լաբորատորիա: Վաղն (այսօր- Ս.Հ.) արդեն դրա պատասխանը կունենանք: Գուցե՞ կերից թունավորված լինի: Քանի որ վակցինացումից հետո ոչ մի անասուն ջերմություն չի ունեցել»,- ներկայացրեց Սարգսյանը:
Մեր զրուցակիցը «Ժողովուրդ»-ի հետ խոսեց նաեւ իր մտահոգությունների մասին` բարձրաձայնելով կարեւոր մի խնդիր. «Մարզում ունենք 62 հազար 880 գլուխ խոշոր անասուն, բայց ԳՆ-ն պաստերելյոզ հիվանդության դեմ տվել է 16 հազար դոզա վակցինա: Չկա հանրապետությունում, չի հերիքում: Սիսիանում 24 հազար գլուխ խոշոր անասուն կա, բայց ոչ մի դոզա չեն տվել, նույնը՝ Մեղրիում: Դիմել ենք, ասում են՝ չկա, պետության վիճակն է: Բայց ես ձեզ ասեմ, որ Կապանում, Գորիսում Սիսիանում որոշ դեպքեր եղել են, եւ ես ինձ պատեպատ, սարեսար տալով՝ ինչ-որ քանակությամբ հայթայթել եմ, բերել եմ, որ վակցինացնեն: Իհարկե, այնտեղ, որտեղ նկատվել է այդ հիվանդությունը»:
Փորձեցինք գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, որ Սյունիքի մարզին նախատեսվածից քիչ է պատվաստանյութ տրամադրվել: Սակայն դեռ նախարարությունից պատասխան չստացած` մեզ անմիջապես հետ զանգահարեց նույն ինքը՝ Կամո Սարգսյանը՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կենտրոնի տնօրենը եւ պնդեց, որ ինքն ասել է, թե «պետությունը միայն շիճուկ չի տրամադրում, իսկ վակցինան համապատասխան քանակությամբ ստացել են»: Այնինչ՝ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ վակցինան չի տրամադրվում:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ զրուցեց նաեւ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանի հետ: «Սյունիքի մարզին տրամադրված է 20 հազարից ավել պատվաստանյութ, որից ավելի քան 3 հազարը այդ տարածաշրջանի գյուղերի համար է: Նախկինում արձանագրված դեպքերի եւ ռիսկերի գնահատման արդյունքում այնտեղ բավարար քանակությամբ տրամադրված է, եւ 18 ամսականից բարձր կենդանիներն են պատվաստվում: Սյունիքի մարզում 55 հազար կենդանի կա, համարյա 20-25 հազարն է այդ համապատասխան տարիքին»,- փոխանցեց Ավագյանը:
Նրա խոսքով՝ տարբեր սեռահասակային խմբերի տարբեր ժամանակահատվածում են պատվաստում: «Դա օրով կամ ժամով չէ, եւ մենք արդեն սկսել ենք այդ աշխատանքները: Իսկ այս դեպքի հետ կապված, եթե պաստերելյոզ հիվանդությունը հաստատվի, ապա սա առհասարակ բուժվող հիվանդություն է, եւ հակաբիոտիկային բուժում է անհրաժեշտ»,- հայտնեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ տվյալ հիվանդության բուժման համար նախատեսված հակաբիոտիկները կրկին պետությո՞ւնն է տրամադրում, թե ոչ, Ավագյանը պատասխանեց. «Անասնատերն է ձեռք բերում, իսկ անասնաբույժները հաճույքով բուժում են»:
Այսպիսով` հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պետական կառույցները տարբեր պատճառաբանություններով կամ բառախաղերով` «շիճուկ-վակցինա», փորձում են սքողել իրենց անփութությունը, որի արդյունքում գյուղացիները մեծ վնասներ են կրում:

 

 

 

 
12-ԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է

Օրեր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազգային ժողովում ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը եւ այն որակեց կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Ըստ նախագծի՝ պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:

Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ: Այդ շեմը ձեւակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ եւ ավագ դպրոցներում: Ըստ նախարարի՝ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում ԿԳ նախարարի այս առաջարկին շատերը հասցրել են դեմ արտահայտվել:
Նրանցից մեկն էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ. «Ես չեմ ընկալում, թե ինչ է ավում: Չունեմ բացատրություն: Կեղծիք է ու ձեւականություն: Այն, ինչից պետք է ազատվել: Այսինքն՝ սովորողն իր կյանքի ժամանակը, իր եւ իր ծնողների նյութական ռեսուրսները զոհի՞ ու տա հանուն ձեւական մի փաստաթղթի՝ անվանենք 12-ամյա պարտադիր կրթություն: Մեր ժամանակ՝ այսօր, երբ մարդիկ համատարած սոված են, օր առաջ բոլոր միջոցառումներով պետք է խրախուսվի, որ մարդը կարողանա գումար աշխատել, տուն պահել, հարազատի խնամքը վերցնել իր վրա: Մարդը սոված է, չաշխատի՞, որ պահի իր մորը, քրոջը: Ի՞նչ եք ուզում՝ գյուղի երեխան 9-րդ դասարանն ավարտի, ոչխար չպահի, այլ եւս երեք տարի նստի ու սովորի՞: Ես չեմ հասականում, թե ինչ են ուզում այս կերպ անեն»: Սպասենք եւ տեսնենք՝ կընդունվի՞ այս առաջարկը, թե՞ ոչ:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

 

ՊԻՏԱՆԻ՞, ԹԵ՞ ՈՉ ՊԻՏԱՆԻ
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչը ցույց է տալիս իր զինվորական գրքույկը: Նա երկու տարի ծառայել է, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում եղել հետախուզական դասակի հրամանատար, կոչումով սերժանտ: Երիտասարդը (նրա անունը իր ցանկությամբ չենք հրապարակում) մատնացույց է անում իր զինվորական գրքույկի գրառումը՝ «պիտանի է ոչ շարային ծառայության»: Նրա կրծքավանդակում մի տեղ փոքր դեֆորմացիա կա: Ի՞նչ է ստացվում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար նա պիտանի է, սակայն շարային ծառայության համար՝ ոչ: Նշենք, որ նման բազմաթիվ դեպքեր կան: Մարտական պայմաններում ծառայած զինվորները զորացրվելուց հետո իրենց զինվորական գրքույկում կարդում են, որ իրենք պիտանի չեն շարային ծառայության համար: Տվյալ գրառման պատճառով նրանք հնարավորություն չունեն աշխատանքի անցնելու իրավապահ համակարգում կամ որպես պայմանագրային զինծառայող ծառայել ՀՀ զինված ուժերում: Տարակուսելի է` եթե մինչ զինվորական ծառայությանն անցնելը կատարված բուժզննությամբ հայտնի է դարձել, որ տվյալ զինակոչիկը պիտանի չէ շարային ծառայության, ինչո՞ւ է նա ուղարկվում մարտական ծառայության:

 

ԱՆՕԳՈՒՏ  ԶԲԱՂՄՈՒՆՔ
Ապրիլի 1-ին Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանում, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Դրան մասնակցել են ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Քննարկվել են Ադրբեջանի հետ սահմանագոտում միջադեպերի հետ կապված խնդիրներ: Նշվել են նախորդ բրիֆինգից հետո մինչեւ հիմա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց հետեւանքով տուժել են սահմանամերձ բնակավայրեր եւ դրանց բնակիչներ: Այդ կապակցությամբ մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը մտահոգություն է հայտնել եւ առաջարկել է համատեղ քայլեր ձեռնարկել բրիֆինգների արդյունավետության բարձրացման համար: Հավելենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա դաշտային օգնականների մասնակցությամբ պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանի որեւէ հատվածում անցկացվող մոնիտորինգները հրադարարի ռեժիմի պահպանման առումով որեւէ դրական արդյունք չեն տալիս: Դիտարկումից հաշված րոպեներ անց տվյալ տարածքում կարող են կրակոցներ հնչել: Ավելին` լինում են դեպքեր, երբ ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում հենց մոնիտորինգի ժամանակ: Բրիֆինգներով եւ մոնիտորինգներով խաղաղություն չի հաստատվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս