ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ճնշման խնդիր ունեմ եւ ընդունում եմ բուժման կուրսեր: Ամեն անգամ դեղատնից վերադառնում եմ շատ զայրացած: Արդեն քանի ամիս է՝ օգտագործում եմ նույն դեղերը (տառկա եւ ադալատօսմո), բայց ամեն անգամ վճարում եմ տարբեր գներ: Նշեմ, որ այդ դեղերից կա «Ալֆա-ֆարմ» դեղատներում: Սկզբում վճարում էի տասը հազար, հետո՝ երկրորդ ամսին, տասնմեկ հազար, իսկ օգոստոսին՝ տասներկու հազար դրամ (նույն դեղի համար): Մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու:

Գայանե Աղաբաբյան (62 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դեղերի գները չեն կարող կայուն լինել մի պարզ պատճառով՝ դրանք ներկրվում են արտերկրից: Ե՛ւ մատակարարման գների, ե՛ւ փոխարժեքի տատանման հետ կապված՝ այդ գները պետք է փոխվեն: Կա նաեւ սեզոնայնություն հասկացությունը: Ամռանը, որպես կանոն, դեղորայքի գներն իջնում են, իսկ բնակչությունը սովորաբար իջեցումը չի նկատում: Եւ երբ մենք նոր խմբաքանակներ ենք պատվիրում, այդ ընթացքում կա՛մ մատակարարներն են արդեն գները փոխած լինում, կա՛մ փոխարժեքն է էապես փոխված լինում: Շատ բաներ կան, որոնք մեզանից կախված չեն: Տասը հազար դրամի արժողությամբ դեղի պարագայում ընդհանուր առմամբ երկու հազար դրամ կարող է տատանվել, եթե հենց առաջին պայմանը վերցնենք` փոխարժեքի տատանումը: Միաժամանակ մենք բնակիչներին շատ լավ ենք հասկանում ու հետեւողական կլինենք, որպեսզի արտաքին գործոններով պայմանավորված` գնային տատանումները հասցվեն նվազագույնի:

«Ալֆա-ֆարմ» ընկերության գլխավոր
տնօրեն Արթուր Գրիգորյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեղերի գնի բարձրացումն ազդում է հատկապես բնակչության անապահով խավի վրա՝ էլ ավելի բարդացնելով մարդկանց կյանքը: Հուսանք, որ դեղեր ներկրող խոշոր ընկերությունները կկարողանան շուտափույթ լուծել այս արդիական խնդիրը՝ քաղաքացիներին ազատելով ավելորդ հոգսերից:




Լրահոս