ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Պայմանագրային զինծառայող սահմանապահները Իջեւանի սահմանագծում՝ մարտական հենակետերից մեկում, մատուռ են կառուցել: Այն կոչվում է «Սուրբ Հովհաննես»: Մատուռի օրհնումը կատարվել է Տեր Սարգիս քահանա Տերտերյանի ձեռամբ, զորամասի հոգեւոր սպասավոր, բարեշնորհ Սմբատ սարկավագ Խանվելյանի մասնակցությամբ: Օրհնմանը ներկա են եղել պայմանագրային զինծառայողները՝ գումարտակի եւ զորամասի հրամանատարների ղեկավարությամբ: Սահմանապահները համոզված են, որ Աստծո տան լուսափառ ներկայությունն իրենց կօգնի անփորձանք ծառայել, ամուր պահել հայրենի սահմանը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հայրս քաղծառայող է: Ամբողջ 2014թ. ընթացքում աշխատել է, սակայն 2015թ. հունվարից աշխատանքից ազատվել է՝ տարիքի պատճառով: Ամեն տարի քաղծառայողներին պարգեւներ է տրամադրվել: Կխնդրեի պարզաբանել՝ այս դեպքում, երբ նա աշխատանքից ազատվել է տարիքը լրանալու համար, օրենքով սահմանված կարգով կարո՞ղ է ստանալ իր պարգեւը:

Նելլի Հարությունյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին ուղղված դիմումը 2015 թվականի մարտի 19-ին N 08/12/4/939-15 գրությամբ վերահասցեագրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի վերաբերյալ տեղեկացնում ենք. ՀՀ Կառավարության 2011թ. հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 56-րդ կետի համաձայն՝ պաշտոնից ազատվելու, ինչպես նաեւ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդ գնալու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում աշխատողի կատարողականի գնահատումը կատարվում է տվյալ օրվա դրությամբ` ելնելով փաստացի կատարած աշխատանքներից: Տվյալ կիսամյակում տվյալ աշխատակազմում վեց ամիս փաստացի աշխատած ամիսների կատարողականի հիման վրա տվյալ աշխատողը կարող է խրախուսվել, եթե տվյալ մարմնում գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ կադրերի կարճաժամկետ ռեզերվում:
Միեւնույն ժամանակ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական ծառայողը պարգեւատրում չի ստանում, եթե կիսամյակային հաշվետվությունը գնահատվել է բացասական, կամ պարգեւատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում պետական ծառայող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ թեեւ բարձր եւ որակյալ աշխատանքի համար մեր պետությունը խրախուսում է մարդկանց եւ հաճախ գումարային տեսքով, սակայն քաղաքացին չի կարող ստանալ այն, եթե նա տվյալ պահին չի հանդիսանում պետական ծառայող: Ավելացնենք նաեւ, որ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ` քաղծառայողը կարող է մինչեւ 1 տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Oրենքով սահմանված կարգով ովքե՞ր են համարվում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարողներ:

Հայկ Մարտիրոսյան (39 տարեկան, ոսկերիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած անձ (անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ եւ այլն), որն իրականացնում է տնտեսական գործունեություն, եւ որի կողմից նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 58.35 մլն դրամը (ԱԱՀ-ի շեմը), համարվում է ԱԱՀ վճարող: Անձը ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում որեւէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը: Այս դեպքում ԱԱՀ-ով հաշվարկվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար: Կան բացառություններ, երբ անձը չի կարող օգտվել ԱԱՀ-ի շեմից եւ անկախ իրականացրած գործարքների հարկվող շրջանառության մեծությունից՝ համարվում է ԱԱՀ վճարող: Բացառությունները սահմանված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, եթե անձը`
l իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար տարեկան տուրքը սահմանված է 100 հազար դրամ եւ ավելի,
l համարվում է ենթակցիզային ապրանքներ արտադրող կամ ներմուծող,
l համարվում է մեկ այլ աձի հիմնադիր կամ կանոնադրական կապիտալում փայամասնակցության չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը,
l նախորդ տարում եկամուտների 80%-ից ավելին ստացել է մեկ անձից,
l վաճառվող ապրանքների 80% եւ ավելին ձեռք է բերել մեկ անձից:
Ֆիզիկական անձինք համարվում են ԱԱՀ վճարող, եթե իրականացնում են օրենքին համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքներ: Ֆիզիկական անձի իրականացված օրենքով սահմանված դեպքերում գործարքների մասով ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ ՀՀ-ում հարկային դաշտը հավասար չէ բոլորի համար, գաղտնիք չէ: Խոսքը օրենքով սահմանված հավասարության մասին չէ, այլ այն իրողության, որը հրապարակվում է` 1000 խոշոր հարկատուների ամենամյա ցուցակների տեսքով. դրանցում հզոր օլիգարխներին պատկանող ընկերությունները ոչ առաջնային դիրքերում են:




Լրահոս