Ինչպես հայտնի է, ՀՀԿ 3000 կանայք շաբաթ օրն այցելել էին Ծիծեռնակաբերդ` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Սական, նրանք այնքան ուրախ, զվարթ էին այնտեղ լուսանկարվել, «սելֆիներ» արել, որ դա մի քանի օր է, ինչ բուռն քննադատությունների տեղիք է տվել:
Մինչ բոլորը քննադատում են ՀՀԿ-ական կանանց պահվածքը, վերջիններս հրաժարվում են այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ` փոխարենը պատրաստվելով համապատասխան հայտարարություն անել: Մինչ այդ, սակայն yerkir.am-ի հետ զրույցում հետաքրքրաշարժ մեկնաբանություն է ներկայացրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Էդ լաց ու կոծին մենք պետք է վերջ դնենք, մենք պետք է լինենք ավելի խրոխտ, ավելի պահանջատեր: Ինչ էլ անենք, միևնույն է, քննադատելու են: Բա իշխանությունը դրա համար է, որ քննադատեն» , – նշել էր նա: ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իհարկե, պետք է պաշտպաներ իր կուսակիցներին, այլ ոչ թե դատապարտող հայտարարությամբ հանդես գար, սակայն Վ. Բաղդասարյանի խոսքերը, իրոք, ուշագրավ էին:
Արտագաղթի նման մեծ տեմպերի, աղքատության շեմի այդքան բարձր ցուցանիշի, Հայաստանում տիրող վատ իրավիճակի համատեքստում լաց ու կոծին վերջ դնելու, խրոխտ լինելու նրա հայտարարությունները իրոք որ հետաքրքիր են: Լաց ու կոծին վերջ դնելու առաջարկն այդպես չէր ընկալվի, եթե ՀՀԿ կանայք իրենց նման պահվածք թույլ չտային հենց Ծիծեռնակաբերդում: Պահանջատեր լինելը ևս վատ չէ, բայց պահանջատեր չեն լինում լայն ժպիտով, տոնական զգեստներով և ուրախ տրամադրությամբ Ծիծեռնակաբերդում լուսանկարվելիս. պահանջատեր են լինում, գործով, խոսքով, այլ ոչ թե ծիծաղով:
Թերևս ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերը տեղիք են տալիս մտածել, թե իշխող կուսակցությունը շուտով կառաջարկի Ծիծեռնակաբերդում կառուցել զվարճանքի վայր ու այնտեղ «անմոռուկ փարթիներ» կազմակերպել: