«Հիմնադիր խորհրդարան»-ը դիմում է ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

« «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոշարասյան անվտանգ ուղեկցումն ապահովելու և
նրա հանրահավաքների ժամանակ հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ ս.թ. մարտի 7-ի դեպի Գյումրի ավտոերթի խափանումը, ինչպես նաև մարտի 28-ի Գյումրիի հանրահավաքի խափանմանն ուղղված սադրանքներն ու դրանց հաջորդած դանակահարությունը ոստիկանության հանցավոր անգործության հետևանք էին:

Ոստիկանության հանցավոր անգործության հետևանքով մարտի 28-ին իրավախախտներն այնքան էին լկտիացել, որ Գյումրիից վերադարձող մեր ավտոշարասյանը հետապնդեցին և քարկոծեցին մինչև Երևանի մատույցներ: Եվ սա այն պարագայում, երբ մայրուղու վրա ավտոմեքենաներով հերթապահություն էին կատարում ճանապարհային ոստիկանության մինչև մեկ տասնյակ կարգախմբեր:
Հարկավոր է նկատի ունենալ, որ կարճ ժամանակ անց, երբ ռեժիմն այլևս չի լինելու, պետական կառույցները, այդ թվում՝ ոստիկանությունը, մնալու են իրենց տեղերում և շարունակելու են կատարել իրենց գործառույթները:

Հաշվի առնելով վերը նշվածը, «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը դիմում է ոստիկանությանը և օրենքին ու ժողովրդին ծառայելու նպատակներով նրա շարքերում գտնվող բոլոր ոստիկաններին՝ պահանջելով կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները՝ անկախ օրվա կառավարող ռեժիմի տված հրահանգներից:

Այդ նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ոստիկանությունից պահանջում է համապատասխան կարգախմբեր հատկացնել ս.թ ապրիլի 8-ին, ժամը 13:00-15:00 Արթիկում և ժամը 16:30-18:00 Վանաձորում անցկացվող մեր հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար:

Միևնույն ժամանակ՝ ոստիկանության ուշադրությունը հատուկ հրավիրում ենք մեր ավտոշարասյան անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա, որովհետև այս անգամ ավելի հավանական է, որ մեր նկատմամբ հարձակումները և այլ ոտնձգությունները կարող են կատարվել ճանապարհի՝ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում: Ինչպես արդեն նշվեց, նախորդ անգամ այդպիսի նախադեպ տեղի է ունեցել:

Մեր ավտոշարասյունը Երևանից մեկնում է ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին Մերգելյան ինստիտուտի մոտակայքից և երթևեկելու է Երևան-Արթիկ-Վանաձոր-Երևան երթուղով:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված այս տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա»:




Լրահոս