Ժողովուրդ. Խիստ է դժգոհ. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես էլ չմասնակցեց  սեպտեմբերի 14-19-ին  Հայաստանում կայացած “Փոխգործակցություն-2012” ՀԱՊԿ զորավարժություններին, թեեւ այդ այցին Հայաստանում կարծես թե մինչեւ վերջին պահը սպասում էին: Ավելին, դրանից  երեք ամիս առաջ հայտարարելով Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցի մասին, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հատուկ ընդգծել էր, որ դա լավագույն պատասխանն է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի շուրջ կասկածներ ունեցողներին . “Մենք մեր ընկերներին չենք փոխում եւ չենք լքում”,- շեշտել էր Զատուլինը եւ անդրադառնալով  օգոստոսի 8-ին կայացած Սարգսյան-Պուտին  հանդիպմանը, որի համար, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ընդհատել իր կարճատեւ արձակուրդը, արդեն օգօստոսի  11-ին  ասել էր. “Քննարկվում է սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների հարցը: Քաղաքական, անգամ ոչ քաղաքական տեսանկյունից, սա չափազանց կարեւոր է, քանի որ տեղի է ունենում  հենց այն պահին, երբ ավելի  քան երբեւէ անհրաժեշտ է ցուցադրել գործընկերային հարաբերությունները”: Եվ ահա այդքանից հետո Պուտինի` Հայաստան չգալը, ցուցադրաբար այդ ընթացքում “Կովկաս-2012” զորավարժություններին մասնակցելն, ապա Ղրղզստան մեկնելն ու այդ երկրի  կես միլիարդ դոլարի պարտքը ներելը ցույց է տալիս, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել “գործընկերային հարաբերությունները ցուցադրելու” եւ “ընկերներին չփոխելու” հարցում: Այս համատեքստում խիստ ուշագրավ էր ՀՀ անկախության տոնի առթիվ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը` որտեղ բացի այն, որ կիրառված չէր “մեծարգո պարոն նախագահ” ընդունված դիմելաձեւը, նաեւ առկա էր խոսուն հիշեցում` կապված օգօստոսի 8-ի` վերը հիշատակած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ . “Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ”,- ասված էր Պուտինի ուղերձում: Ակնհայտ է, որ ռազմավարական դաշնակից, դարավոր բարեկամ երկու երկրիների հարաբերություններին  տրված “բարեկամական, կառուցողական” բնորոշումները, որոնք կիրառելի են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ցանկացած երկրների միջեւ, հենց այնպես չեն ընտրված` փոխարինելով  ավանդաբար հնչող շատ ավելի ջերմ բառապաշարին:  Էլ չասած` որ Պուտինի շնորհավորական ուղերձը տեղադրված չէ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:  Սրանք մանրուք թվացող, սակայն շատ կարեւոր եւ հստակ ուղերձներ են առ այն, որ Վլադիմիր Պուտինը խիստ դժգոհ է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, եւ, ըստ ամենայնի, օգօստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումից: Այնքան դժգոհ, որ ոչ միայն ինքը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, այլեւ, ըստ էության, արգելեց նաեւ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնապես հրավիրված ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նախագահներին դա անել: 




Լրահոս