Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական կանանց այցին Ծիծեռնակաբերդ և մեծ աղմուկ հանած լուսանկարներին:
– Տիկի’ն Նահապետյան, ՀՀԿ-ական կանանց` Ծիծեռնակաբերդ այցի լուսանկարները համացանցում բուռն քննադատությունների տեղիք տվեցին: Կցանկանայինք իմանալ, ո՞րն էր միջոցառման նպատակը, և ինչո՞ւ համացանցում նման ժպտացող դեմքերով լուսանկարներ հայտնվեցին:
– Լուսանկարներն արվել են ոչ թե միջոցառման ժամանակ, այլ` նախապատրաստական աշխատանքների, երբ մասնակիցները Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվում էին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ և իրենց իսկ կողմից պատրաստված շարֆեր էին բաժանում ժամից ավելի: Եվ կարծում եմ` մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Սխալ, կողմնակալ լուսաբանում եղավ, ինչը ճիշտ չէր:
– Ի վերջո, ո՞րն էր նման միջոցառման բուն նպատակը:
– 2015 թվականը Ցեղասպանության 100- րդ տարելիցի ոգեկոչման տարի է. մեր միջոցառման բուն նպատակն էր ոգեկոչել հայ կնոջը ապրելու, արարելու և մայրանալու ձգտումը: Մենք ուզում ենք աշխարհին ասել , որ հայ կինն ուժեղ է և ամուր կանգնած է իր մայր հողի վրա:
– Այդ դեպքում, ո՞րն էր պատճառը, որ ակցիան չընկալվեց այնպես, ինչպես նախատեսված էր:
– Ակցիայի լուսաբանաման մեջ ոչ օբեկտիվ, թյուր և կանխակալ լուսաբանման տարրեր կային: Միգուցե նաև սենսացիայի մրցավազքի արդյունք է: Վստահ եմ` կանանց ջերմ հանդիպման մի քանի ժպիտը առավելագույն դիտումներ բերեցին լրատվական կայքերին: Բայց դրանք էժան դիտումներ էին` էժան մեկնաբանություններով: Ցավալի է, որ բուն ակցիայից լուսանկարներ շատ քիչ էին: Ծաղիկներ դնելու և քայլերթի լուսանկարներից գրեթե չկային: Այսինքն` համացանցում հայտնվել են այնպիսի լուսանկարներ, որոնք, կարծես, մեկնաբանություններ գրող մարդկանց համար լինեին: Կարծում եմ` հայերիս համար այսքան կարևոր այս թեման չէր կարելի շահարկել:
Նաիրա Հովհաննիսյան