Գորիսի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը իրեն հետապնդող մեքենայի մեջ տեսել է Սուրիկ Խաչատրյանի որդուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` որ իրեն սպառնացել են մորթել:

Մինչ դեպքի մանրամասներին անդրադառնալը, նշենք, որ ապրիլի 5-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել Գորիս քաղաքի մի բնակիչ, որը  չցանկանալով ներկայանալ` հայտնել էր, որ Գորիսում մի խումբ տղաներ մեքենաներով շրջում են, եւ այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ մեկին են սպասում կամ հետապնդում: Իսկ թե կոնկրետ ում են հետապնդում, կամ ովքերն են հետապնդում, քաղաքացին չէր ցանկացել հայտնել` նշելով, թե այլ մանրամասներ չի կարող փոխանցել:

Այս ահազանգից մի փոքր ուշ մեզ տեղեկություններ հասան, որ Գորիսի ԲՀԿ մասնաճյուղի նախագահ, ինչպես նաեւ Գորիսի ոստիկանության վետերանների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռոբերտ Հակոբյանը պատմեց, որ ապրիլի 5-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող Ծիածան շինանյութի խանութի մոտ մի խումբ տղաներ մեքենայով նախ հետապնդել են իրեն, իսկ ավելի ուշ սպառնացել. «Մեքենաներից մեկը «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա էր՝ 077 QQ 77 պետհամարանիշով, իսկ մյուսը՝ «Պորշ կայեն»՝ 77 AV 077 պետհամարանիշով:

Մեքենաներից մեկի ղեկին նստած էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի  որդին` Տիգրան Խաչատրյանը, որը մեքենայով երկար հետապնդելուց հետո սկսեց ինձ սպառնալ, թե քեզ սպանելու եմ, մորթելու եմ: Այնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ ինձ թույլ չեմ տա այդ մասին Ձեզ հայտնեմ: Կատարվածից անմիջապես հետո ոստիկանություն եմ շտապել եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն առայժմ ոստիկանության կողմից որեւէ քայլ չի իրականացվել, եւ որեւէ ձայն չկա»: «Ժողովուրդը» զրուցել է նաև Սուրիկ Խաչատրյանի հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս