Դեռեւս տարեսկզբին լուրեր էին պտտվում այն մասին, որ մոդել, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պլանավորում է ապրիլին առաջին անգամ այցելել պապենական հայրենիք` Հայաստան: Օրերս արդեն Us Weekly-ն տեղեկացրեց, որ ռեալիթի-շոուների աստղը Հայաստանում կանցկացնի առաջիկա շաբաթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Քարդաշյանը Երեւան կժամանի սեփական փոխադրամիջոցով: Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանի միայն հայրն է հայ` Ռոբերտ Քարդաշյանը, ով մահացել է 2003-ին: Ամերիկյան լրատվամիջոցները մեջբերում են Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Վոլինսկուն, ով նկատում է, որ Քիմի այցը «իմաստավոր է»: Նա ասել է, որ ցանկացած մեկի համար, ով հայ է, կարեւոր է ցանկանալ վերադառնալ իր արմատներին, հատկապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան կարո՞ղ է միջազգային հանրության ուշադրությունը մեր ազգի համար կարեւորագույն այս խնդրի վրա բեւեռելու հնարավորություն ընձեռել, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա սոցցանցերում ու միկրոբլոգներում միլիոնավոր հետեւորդներ ունի:
-Իհարկե, Քիմ Քարդաշյանը որոշակի շրջանակներում հեղինակություն է վայելում, եւ նրա ամեն խոսքն էլ բավական լայն տարածում է գտնում, սակայն եթե հաշվի առնենք այն մեթոդները, որոնց միջոցով հռչակ են ձեռք բերում եւ պահպանում Քիմ Քարդաշյանն ու իր ոլորտի այլ հայտնիներ, ապա կարծում եմ, որ նրանք չպետք է մեր կողմից դիտվեն որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման լայն շրջանակներին հասու դարձնելու կարեւոր օղակ: Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին իրավական, քաղաքական ու բարոյական խնդիր է, եւ ես չեմ կարծում, որ մենք պետք է շատ մեծ տեղ տանք Քիմ Քարդաշյանին եւ այլ նմանատիպ հանրային անձանց:
-Ձեր կարծիքը պայմանավորված է հանրությանը հայտնի նրա սկանդալային կերպարո՞վ:
-Պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ երբ առիթ է ստեղծվում թուրքական շրջանակներում խոսել Քիմ Քարդաշյանի մասին, լինեն այդ ազգի գիտնականներ, լրագրողներ թե այլ ոլորտների ներկայացուցիչներ, առաջնահերթ շեշտում են նրա մասնակցությամբ սկանդալային տեսաերիզի, կիսամերկ լուսանկարների, սկանդալային կապերի հանգամանքները եւ ասում` ահա, այս մարդն է Հայոց ցեղասպանության խնդրի ջատագովն ու դրա ճանաչման համար պայքարողը: Ինքս` որպես հայ եւ որպես մասնագետ, հարմար չեմ համարում Քիմ Քարդաշյանի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության թեմայի կոնտեքստում` զուտ բարոյական տեսակետից:
-Իսկ այն հանգամանքը, որ Քարդաշյանի ընտանիքի նախնիներն էլ Հայոց ցեղասպանության վկաներ, այդ ոճրագործությունից փրկվողներ են, չի՞ մեղմացնում իրավիճակը:
-Ցեղասպանությունից փրկված կամ զոհված անձանց շատ ժառանգներ կան, որոնք բոլորովին այլ մեթոդներով են հիշում նախնիների կորուստը: Չեմ կարծում, թե Քիմ Քարդաշյանի պահվածքն այնպիսին է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նրան դարձնի խաղաթուղթ կամ հաղթաթուղթ: Եթե նույնիսկ նրա միջոցով եւս 100 հազար մարդ գիտակցի Հայոց ցեղասպանության փաստը, կոնկրետ ինձ համար, անկեղծ ասած, վիրավորական է, որ նրանք պետք է առաջին հերթին նայեն Քարդաշյանի բարեմասնություններին, հետո նոր մտածեն Ցեղասպանության մասին:
-Ի վերջո, հնարավոր է նաեւ, որ Քարդաշյանի այցը Հայաստան ընդամենը նրա PR քայլերից մեկն է:
-Այո՛, կարծում եմ, որ PR քայլ է: Ճիշտ է՝ Հայաստան գալ-չգալը նրա անձնական գործն է, բայց ես չեմ կարծում, թե նա պետք է դառնա մեր «դրոշակը»: Կցանկանայի մի հանագամանքի մասին էլ խոսել: Բազմիցս տարբեր թուրք մասնագետների հետ քննարկել ենք, օրինակ, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, եւ նրանք խոսելով Հայաստանի շահերը պաշտպանող միջազգային փաստաբան Ամալ Քլունիի մասին՝ նշում են, թե մենք Քլունիին որպես մասնագետ չենք շահարկում, այլ օգտագործում ենք նրա միջազգային դիրքը, ճանաչվածությունը: Նույնը կարող է լինել Քարդաշյանի պարագայում:
Եվ, ի վերջո, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ մենք ապրում ենք արեւելքում, եւ մեր շրջանում պետք է գերիշխող լինի արեւելյան մտածելակերպը:
Աննա Բաբաջանյան