Այսօր` ապրիլի 7-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ պարգևներ հանձնեց մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշեց, որ կրթության ոլորտը Հայաստանի «ամենագեղեցիկ» ոլորտներից մեկն է` հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակությամբ և դերակատարությամբ կանայք և աղջիկներ են աշխատում այնտեղ:
«Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել բոլոր ուսուցիչ, մանկավարժ և դասախոս հայ կանանց`շնորհակալություն հայտնելով իրենց անբասիր աշխատանքի և ավանդի համար: Հատուկ շնորհավորում եմ նաև հայ ուսանողուհիներին, ովքեր իրենց ներկայությամբ ոչ միայն գեղեցկացնում են մեր ոլորտը, այլև տալիս են փայլուն սովորելու օրինակներ: Մաղթում եմ, որ անպակաս լինի ձեր գեղեցկությունը, երջակությունն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում, որ մոտակա տարիներին ձեզ շնորհավորենք ոչ միայն գեղեցկության, այլև` մայրության բաղադրիչով»,-նշեց նախարար Արմեն Աշոտյանը:
Ապա նախարարության բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի» արժանացան Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Սուսաննա Թումանյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Լարիսա Ավետիսյանը: Մի խումբ դասախոսներ պարգևատրվեցին նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:
Միջոցառման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը երաժշտական անակնկալ-նվեր մատուցեց հայ կանանց` նրանց նվիրելով իր հեղինակած «Ինձ խոստացի´ր» ստեղծագործությունը, որը կատարեց երգիչ Հայկոն:
Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ կան հարյուրավոր կին մասնագետներ, ովքեր մի տեսակ ուշադրությունից դուրս էին մնացել այս տարիների ընթացքում, և այսօրվա միջոցառումը բուհերի, քոլեջների և ուսումնարարնների կին աշխատակիցներին նվիրվեց:
Ինչ վերաբերում է իր կողմից հեղինակած երգին, Ա. Աշոտյանը հայտնեց` երգն առաջինը չէ. «2007 թվականին ձայնասկավառակ է եղել, 2008-ին իմ հեղինակած երգը կատարել է Նարեկ Բավեյանը: 7-ամյա դադարից հետո նորից ինչ-որ ցանկություն առաջացավ` հրապարակելու այն, ինչ ստեղծվել էր: Մեկ շաբաթվա մեջ ստացվեց այն, ինչը, ասում են, ամիսներով չի ստացվում: Համենայն դեպս, ով լսել է, ասում է, որ լավ է ստացվել: Թե իմ հետևից ինչ են խոսում, չգիտեմ: Երգի բովանդակությունն ունի ինքնակենսագրական տարրեր»: