Թուրքիայի մաքսային ու առևտրի գլխավոր վարչությունը «Armenian project 2015» անվան տակ գաղտնի հրահանգ է ուղարկել Թուրքիայի բոլոր անցակետեր:
Թուրքական «Sol.haber» կայքի հաղորդմամբ՝ հրահանգի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-26-ին ուժեղացնել սահմանային վերահսկողությունը:
Տեղեկացվում է, որ հրահանգի տակ ստորագրել է Թուրքիայի Գլխավոր մաքսային վարչության ղեկավար Մեհմետ Հատիպօղլուն:
Գաղտնի փաստաթղթում նշվում է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 22-ից 26-ը Ստամբուլում Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող միջոցառումներ կանցկացնեն:
Այս կապակցությամբ բռնության հնարավոր ակցիաներից խուսափելու համար անհրաժեշտ է բոլոր սահմանային անցակետերում, մասնավորապես` Ստամբուլի Աթաթուրքի և Սաբիհա Գյոքրեի օդանավակայաններում, ինչպես նաև Սարպի և Թյուրքգյոզլու անցակետերում անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել: