Պետական մարմինների պահպանման ծախսերը 2011 թ. ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրենսդիր եւ գործադիր, կառավարման այլ մարմինների ծախսերը 2011 թ. կազմել են 13.8 մլրդ դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 99.2%-ը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը;
2010 թվականի համեմատ նշված ծախսերն աճել են 3.5%-ով` մասամբ պայմանավորված վարչական օբյեկտների հիմնանորոգման ծախսերի ավելացմամբ:
2011 թ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 99.9%-ով` կազմելով 2.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ԱԺ  պահպանման ծախսերն ավելացել են 8.4%-ով, որը հիմնականում պայմանավորված է գործուղման եւ վառելիքի ծախսերի աճով, ինչպես նաեւ պետական ծառայողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ:
Գործադիր իշխանության մարմինների պահպանմանը տրամադրվել է 6.3 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 99.2%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաև մարզպետարանների պահպանումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.4%-ով` պայմանավորված աշխատավարձերի աճի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, գործուղման, սպասարկման եւ կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով, ինչպես նաեւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմամբ:
ՀՀ նախարարությունների պահպանման ծախսերը` նախարարների աշխատակազմերի մասով, 2011 թվականին կազմել են 987.5 մլն դրամ, իսկ նախարարությունների աշխատակազմերի մասով`
838.6 մլն դրամ, եւ ապահովել համապատասխանաբար 97.4% եւ 98% կատարողական: Նախորդ տարվա համեմատ վերոհիշյալ ծախսերն աճել են համապատասխանաբար 13.1%-ով եւ 6.8%-ով:




Լրահոս