Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում պատվոգրեր և շնորհակալագրեր շնորհեց մի շարք մանկավարժների և դասախոսների:
Միջոցառման ավարտին նախարարը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ` կտրականապես հրաժարվելով «թեմայից դուրս» հարցերի պատասխանել. «Այսօր միայն ապրիլի 7-ի և երգի մասին»,- կրկնեց Ա. Աշոտյանը:
Ելնելով նախարարի հայտարարությունից` Armlur.am-ը մի կողմ դրեց նրա` ՀՀԿ փոխնախագահ լինելու փաստն ու խնդրեց պարզաբանել` արդյոք երգ հեղինակելու և այն հանրությանը մատուցելու պահը ճի՞շտ էր ընտրված` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն հանրության մոտ բողոքի ալիք է բարձրացրել պարտադիր կրթությունը 12-ամյա դարձնելու նոր նախագծի առաջքաշումը: Հարցին ի պատասխան ԿԳ նախարար Ա. Աշոտյանն ասաց. «12-ամյա կրթությունն ու երգը… չի բռնում իրար հետ»:
Այսպիսով, անպատասխան մնացին մի շարք հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեին հենց ՀՀԿ փոխնախագահի կողմից, մասնավորապես բուռն քննարկումների առիթ հանդիսացած ՀՀԿ-ական կանանց վարքագիծը Ծիծեռնակաբերդում: Այդ հարցերի շարքին կարելի է դասել նաև այն, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շրջանառվող լուրերի համաձայն, պատրաստվում է խառնվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, որին իր թեկնածությունն է առաջադրել նաև նրա փեսան` Կարապետ Գուլոյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն` կուսակցության առաջին դեմքի մակարդակով, խիստ հրահանգել էր Գագիկ Ծառուկայնին քաղաքականությանն այլևս երբեք չխառնվել: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի վարք ու բարքը քննադատող Արմեն Աշոտյանն այս հարցին ևս հարկ չհամարեց անդրադառնալ: