ՀԽ անդամները ձերբակալվեցին, որ Պուտինի այցի օրը խժդժություններ չլինեն. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին անգամ եմ տեսնում, որ իրավապահ մարմիններն իրենց պաշտոնական գրությունների մեջ, իրավաբանական ձևակերպումներից զատ, բարոյական գնահատականներ տան: Սա նորություն է: Իրավապահները պետք է իրավական հիմնավորումներ և գնահատականներ տան, մնացածը հասարակության, քաղաքական ուժերի, արվեստագետների անելիքն է»:

Անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Հիմնադիր խորհրդարանի» անդամների բերման ենթարկման, ապա` ձերբակալման գործողություններին` նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում խոսքով` որքանով ինքն է ծանոթացել ՀԽ-ի կոչերին, իրավական ձևակերպմամբ` անկարգությունների չի հանդիպել. «Քաղաքական անհնազանդություն կամ իրավաբանական գնահատումներ տեսել եմ, սակայն հենց անկարգություններ կամ խժդժություններ` ոչ: Տպավորություն է, որ իշխանությունների ֆանտազիան գնալով պակասում է: Պարզ է, որ երբ տարբեր ձևերով, այդ թվում` կրիմինալ մեթոդներով փորձեցին կանգնեցնել շարժումը, սակայն չստացվեց, պետք է  ամենափորձված մեթոդոլոգիային դիմեին: Մի անեկդոտ կա` ասում են` գլխարկ ինչո՞ւ չես դրել, ու ձերբակալում են: Բոլոր մեթոդները, եթե կիրառում են, չի անցնում, մտացածին բան են գտնում և մարդկանց ձերբակալում: Այսինքն` այսպես թե այնպես, ինչ-որ բանի համար պետք է ձերբակալեին»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը հնարավոր համարեց տարբերակը, որ զանգվածային ձերբակալություններն առաջին հերթին կապված են ՀԽ-ի շարունակական երթերը կանխելու հետ, սակայն մեր զրուցակիցն առաջ քաշեց մեկ այլ վարկած ևս: Արամ Կարապետյանի խոսքով` տեղի ունեցածը կապվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Մոսկվա կատարած այցի հետ:

Մեր զրուցակցի մոտ հարց առաջացավ` ինչո՞ւ հենց այսօր` ապրիլի 7-ին` Մայրության տոնի օրը, այն էլ` վաղ առավոտյան. «Միգուցե, այսօրվա գործողությունը կապված է նրա հետ, որ Նալբանդյանն այնտեղ խոսելու է Պուտինի գալու, անվտանգության խնդիրների մասին` խոստանալով, որ ապրիլի 24-ին խժդժություններ չեն լինի: Սա արվեց, որ ցույց տան, թե իրավիճակը տնօրինվում է: Որքան ես եմ տեղեկացված, երկուստեք պետք է քննարկվի Սերժ Սարգսյանի այցը մայիսի 9-ին, Վլադիմիր Պուտինի այցը` ապրիլի 24-ին: Նրանք կասեն, թե մենք հերոսաբար վնասազերծեցինք` նույնիսկ չկարևորելով իրավական հիմնավորումները»,- շարունակեց Ա. Կարապետյանը` հավելելով, որ ի սկզբանե իշխանության քարոզչությունն այն էր, թե «Հիմնադիր խորհրդարան»-ն ավելի շատ հակառուսական կառույց է` արևմուտքից ֆինանսավորվող:

Հիշեցնենք, որ այսօր` վաղ առավոտյան, բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, որոնցից չորսը` Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Ժիրայր Սէֆիլյյանն ու Գևորգ Սաֆարյանը, ավելի ուշ ձերբակալվել են:

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` ձերբակալությունները կատարվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում։

Ավելին, հայտարարության մեջ ասվում է, թե առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ավելորդ չենք համարում նշել, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, այժմ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը ևս նախքան Ազատության հրապարակում բողոքի ալիք կբարձրացներ, հայտարարել էր, որ պատրաստվում է փողոց դուրս գալ և չեն բացառվի նաև անկարգությունները: Այս դեպքում, սակայն, որևէ «կանխարգելիչ քայլ» իրավապահների կողմից չեղավ:




Լրահոս