Շաբաթ օրը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի նախաձեռնությամբ իշխող ՀՀԿ-ի կանայք մեծ շուքով այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հոլիվուդյան ժպիտներով «հարամեցին» այցի խորհուրդը: ՀՀԿ-ականներն արդեն 3 օր է՝ փորձում են արդարացնել կանանց բարձր տրամադրության պատճառներն ու նրանց պահվածքի տրամաբանությունը, բայց դեռ չի ստացվում:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, ծաղիկներ դրեցին՝ հայտարարելով, թե իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին եւ կոչ անում աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության: Բայց ողջ գործընթացը ուղեկցվեց ժպիտներով, հռհռոցներով ու անհասկանալի ուրախ տրամադրությամբ:
Քայլերթի ընթացքում Հերմինե Նաղդալյանը մանկապարտեզի դասվարի պես դեմքով կանգնեց կանանց «աստղաբույլի» առջեւ եւ լայն ժպիտով վեր բարձրացնելով ձեռքի եղած ծաղիկները՝ սկսեց տատանել դրանք, նույնը պահանջեց դիմացիններից: ՀՀԿ կանայք մեկ մարդու պես հոլիվուդյան ժպիտներ «նկարեցին» իրենց դեմքին, բարձրացրին ձեռքների ծաղիկները՝ «ներկա-բացական» հաջողությամբ ավարտելով: Տպավորություն էր, թե ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա կին թիմակիցները ապրիլի 7-ի առիթով են հավաքվել եւ ուրախանում են իրենց ստացած ծաղիկներով:
Այդ ընթացքում ԱԺ փոխխոսնակը հասցրեց նաև ինքնանկար (սելֆի) անել՝ լայն ժպիտով: Նրանք թերեւս մոռացել էին, որ այնտեղ, ուր հռհռում էին, գերեզման է, իսկ գերեզմանում չեն ծիծաղում, սգում են: Հիշեցնենք, որ 1996թ-ից Հուշապատի վերջնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:
Իսկ թե խրախճանք հիշեցնող միջոցառմամբ ինչպես կարող են իշխող կուսակցության «մայրերը» ողջ աշխարհին ստիպել՝ «ոչ ասելու ցեղասպանություններին», փոքր-ինչ դժվար է պատկերացնել: Նրանք մեծ շուքով «անմոռուկ փարթի» իրականացրին՝ խայտառակելով մեր երկիրը, արժեզրկելով մեր պահանջատիրությունը, Թուրքիային ու Ադրբեջանին առիթ տալով ծիծաղել մեզ վրա… Եւ փոխանակ գիտակցեն այս իրավիճակն ու ներողություն խնդրեն թույլ տված, գուցե, ակամա սխալի համար, հանրապետականներն ավելի են խորացնում լարվածության ու հասարակական բարկության չափաբաժինը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, yerkir.am-ի հետ զրույցում փորձելով արդարացնել ՀՀԿ կանաց խրախճանքը Ծիծեռնակաբերդում, անհեթեթ ու ամոթալի մի նախադասություն է արտաբերել. «Էդ լաց ու կոծին մենք պետք է վերջ դնենք, մենք պետք է լինենք ավելի խրոխտ, ավելի պահանջատեր: Ինչ էլ անենք, միեւնույն է, քննադատելու են: Բա իշխանությունը դրա համար է, որ քննադատեն»: Ստացվում է, որ իշխանության երեսը անհասկանալի նյութից է պատրաստված եւ իմունիտետ ունեն նրանք քննադատությունների նկատմամբ. այլեւս չեն ամաչում, վատ չեն զգում հասարակական կարծիքից: Անգամ զոհերի հիշատակը կարող են պղծել ու հանգիստ խղճով քնել:
Հավելենք, որ երեկ ՀՀԿ կանանց խորհրդի մի քանի անդամներ մեռելոցի առիթով հանգուցյալների հետ «շփվելուց հետո» հավաքվել եւ քննարկում էին՝ ի՞նչ անել, ինչպե՞ս արձագանքել քննադատությունների տարափին, որ թափվել է իշխող կուսակցության ու կանանց թիմի գլխին: Մի քանի ժամ տքնելուց հետո երեկոյան ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ոչինչ չասող մի հայտարարություն էր տարածել: «Համատեղելով մեր ջանքերը՝ պիտի կարողանանք հասնել հայության նպատակների իրագործմանը՝ աշխարհին ավելի հասկանալի դառնալով մեր պատմությամբ, նպատակներով, ներկայի ու ապագայի խնդիրները լուծելու մեր ցանկությամբ: Լինել ընդդեմ ցեղասպանության եւ ցեղասպանության ժխտողականության պայքարողների կողքին, նշանակում է լինել ճշմարտության եւ արդարության կողքին, առաջնորդվել համամարդկային, ոչ թե օրընթաց շահերով»,- հայտարարեց Նաղդալյանը:
Իհարկե, անիմաստ է այս տեքստում իրավիճակի ադեկվատ արձագանք գտնելու փորձեր անելը, քանի որ ոչինչ չասող «տրաֆարետային» խոսքեր են:
Անի Ստեփանյան