Թեև Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը դեռեւս հայտնի չէ, սակայն Աբովյան քաղաքում կրքերն օր օրի թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ բացի «Կինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից` Պալաչից, այլ թեկնածուներ են հայտնվել, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն» ստանան: Ըստ մեր տեղեկությունների՝ «հերթի» մեջ երեք հոգի կա:
Թեկնածուներից մեկը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ-ում օգնական Վահագն Գեւորգյանն է: Նա մասնագիտությամբ իրավաբան է: Ըստ մեր տեղեկությունների՝ Վ. Գեւորգյանը շրջապատում ասել է, որ իր թեկնածության մասին դեռեւս չի հայտարարելու, քանի որ Գագիկ Ծառուկյանը խոստացել է իր խնամի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից «խորհուրդ» հարցնել, ինչից հետո էլ պետք է տա իր «հովանավորությունը»:
Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մյուսն էլ Հրազդանի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանն է, որը նաեւ տեղի ՀՀԿ կառույցի ղեկավարն է: Ա. Գրիգորյանը եւս իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունն առաջադրելու է, քանի որ ունի ՀՀԿ-ի «դաբրոն»: Գրիգորյանը նշել է, որ պետք է իր «այո»-ն ասի նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչից հետո ինքը կհայտարարի իր թեկնածության մասին: Իսկ երեկ արդեն Գրիգորյանը մասնավոր զրույցներում նշել է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը համաձայն է, որ իր թեկնածությունն առաջադրի ու հենց ինքն էլ լինելու է ՀՀԿ-ի թեկնածուն:
Հաջորդ թեկնածուն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռուբիկ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանները եւս հայտարարել են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին ու կրկին նշել, որ մինչ այդ պետք է խորհրդակցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մ. Մանուկյանը նույնիսկ ասել է, թե իր եղբայրն իշխանությունների համար ընդունված թեկնածու է, ու իրենք այդ հարցում որեւէ խնդիր չեն ունենալու:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նշված երեք թեկնածուների հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց միայն Արմեն Գրիգորյանը, ով նշեց, թե այս պահի դրությամբ ինքը քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ որեւէ բան չի ցանկանում ասել: Նշենք նաեւ, որ մինչեւ այսօր ՀՀ իշխանությունները չեն հայտարարել, թե ընտրությունների ժամանակ ում թեկնածությունն են պաշտպանելու: Մյուս քաղաքական ուժերը եւս իրենց թեկնածուների կամ ընտրությունների մասին որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ