Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե «Հիմնադիր խորհդարան»-ի անդամներին պետք է շուտ ձերբակալեին:
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերները հեղափոխական կոչերով փորձում են իշխանությանը հրահրել և մարդկանց մեջ վախ սերմանել, թե ` «տեսեք ապրիլի 24-ին ինչ է լինելու»:
«Իսկ դա նշանակում է տեռոր, իսկ տեռորիստների դեմ ցանկացած իշխանություն պարտավոր է օր առաջ պայքարել: Հիմա ստացվում է, որ իրենք արդեն մի քանի ամիս է փորձում են իրենց տեռորիստական լոզունգներով հանդես գալ: Իշխանությունն ինչքա՞ն պետք է սպասի», – ընդգծեց պատգամավորը:
Նա հավելեց, թե չի կարողանում հասկանալ նրանց արարքների տրամաբանությունը: «Ի՞նչ է նշանակում այդ օրը, երբ մենք փորձում ենք մեր նահատակներին սրբացնել, հանկարծ ինչ-որ հայեր փորձում են այդ օրն իշխանափոխություն անել: Ես սա համարում եմ հակահայկական, հակապետական քայլեր, որ իրենք անում են, և նույնիսկ ուշ է, շատ շուտ պետք է նրանց ձերբակալեին: Իրենց հայտարարությունների համար պետք է պատասխանատվություն կրեն», – եզրափակեց նա: